NEWS.am-ն այս անգամ ներկայացնում է Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի եւ պոլսահայ հայտնի լեզվաբան, ժամանակակից թուրքերեն այբուբենի ստեղծման մեջ մեծ դերակատարություն ունեցած Հակոբ Մարթայանի (Դիլաչար) հետ տեղի ունեցած մի պատմություն։

1934-ի օգոստոսյան մի օր, Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը ճաշկերույթի էր մասնակցում պետական բարձրաստիճան պաշտոնյաների եւ գիտության ոլորտի տարբեր ներկայացուցիչների հետ, որոնց մեջ կային նաեւ այլազգիներ, այդ թվում պոլսահայ լեզվաբան Հակոբ Դիլաչարը։

Ճաշկերույթի ընթացքում Աթաթուրքն առաջարկում է, որ ամեն ազգի ներկայացուցիչ իր լեզվով մի երգ կատարի։ Գերմանացի պրոֆեսորը գերմաներենով մի ժողովրդական երգ է երգում։ Այնուհետ հերթը հասնում է հույն լեզվաբանին։ Երբ բոլորը սպասում են, որ հույն լեզվաբանը հույն դասականներից ինչ-որ բան կարտասանի, իսկ նա ասում է. «Ես թուրք եմ, կեցցե Թուրքիան»։

Երբ հերթը հասնում է Հակոբ Մարթայանին, մի քանիսը քթի տակ շշնջում են, թե բազմաթիվ լեզուներ իմացող Հակոբ Դիլաչարը բացի թուրքերենից ուրիշ լեզվով չի համարձակվի երգել։ Իսկ Հակոբ Մարթայանը ոչ ավել, ոչ պակաս սկսում է հայերենով երգել Զորավար Անդրանիկին նվիրված հայտնի երգը. Իբրեւ արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ, թնդացնում ես երկինք, երկիր տենչավառ…։

Սեղանակիցները «Անդրանիկ» բառը լսելուն պես խառնվում են իրար եւ փորձում ոտքի կանգնել, երբ Աթաթուրքը սաստում է նրանց՝ ասելով. «Այս երգի տակ շատերը հանուն իրենց ազգի մահվան են գնացել, հարգանքով լսեք այս երգը»։

Երգի ավարտից հետո Աթաթուրքն ասում է, որ Անդրանիկը թուրքերի թշնամին է եղել եւ հազարավոր թուրքերի սպանել։ «Անդրանիկի պես հերոսներ հայերը անցյալում չեն ունեցել ու հետագայում էլ դժվար ունենան։ Հայերը ճիշտ են անում, որ հիշում են իրենց հերոսներին»,-ասում է Աթաթուրքը՝ հավելելով, որ միեւնույնն է թուրքերն են հաղթել այս անգամ։

Արթուր Հակոբյան
Արգելված թեմաների նախորդ հրապարակումները կարող եք կարդալ.

Նյութի աղբյուրը