Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի (ԱԻՆ ՓՈւՎ ՀՆՓԱԻԿ) պետ, փոխգնդապետ Գեւորգ Գալստյանը:
Նա նշեց, որ անձը հայտնաբերվել է ցամաքում՝ լողազգեստով՝ սառած վիճակում: Նա չի խոսում եւ տեղափոխվել է հիվանդանոց՝ բուժօգնության նպատակով: Առայժմ չեն կարող ասել՝ ինչ է կատարել Արմեն Խալիլովի հետ, դա կպարզի քննությունը: Ականատեսների պատմելով՝ նա ընկել է «Սեւ ջուր» կոչվող լիճը ու հնարավոր է այդտեղից ցամաք է դուրս եկել իր ուժերով:
ԱԻՆ ՓՈւՎ ՀՆՓԱԻԿ պետն ասաց, որ Արմեն Խալիլովը ապրում է Չարբախում, բայց աշխատում է «Սեւ ջուր» կոչվող լճի հարեւանությամբ գտնվող գոմերում՝ որպես անասնապահ: «Այդտեղի աշխատող է եղել, գնացել է լվացվելու, անհետացել էր, հագուստը ափին է եղել»,- նշեց նա: Արմեն Խալիլովը ամուսնացած է եւ ունի 4 անչափահաս երեխա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում՝ «Սեւ ջուր» կոչվող լճի ափին, հայտնաբերվել էր քաղաքացու հագուստ, կասկածվում էր, որ քաղաքացին ջրահեղձ է եղել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ փրկարարական ջոկատը՝ ջրասուզակով: Ժամը 20.20-ի դրությամբ որոնողական աշխատանքները դադարեցվել էին: Դրանք վերսկսվել էին մարտի 14-ի առավոտյան: Ժամը 15.35-ի դրությամբ գետից մետ 400 մ հեռավորության վրա հայտնաբերվել է Ա.Խ.-ն, ում ՃԿԿ օպերատիվ խմբի պարամեդիկները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Նյութի աղբյուրը