Գիտենք, որ պետությունը ներկայացնող անձինք անընդհատ հավաստիացնում են, թե ամեն ինչ արվում է մեր արժանապատիվ ապագայի, երջանիկ ծերության համար: Գիտենք, որ իշխանությունները սիրուն-սիրուն բառերով են լղոզում օրենքը: Բայց որքան շատ են սիրուն բառերն ու բացատրությունները, այնքան ակնհայտվում ու բացահայտվում են այն շահագրգռությունները, որոնք պարտակված են այս օրենքի տակ:
Ինչու՞ մեր իշխանությունները որոշեցին 2014-ից գործողության մեջ դնել այս համակարգը, ինչու՞ հանդես բերեցին նման շտապողականություն: Բանն այն է, որ պետությանը շտապ փողեր են պետք: Շա՜տ փողեր: Եթե չլինեն այդ փողերը, Հայաստանը կկանգնի մեծագույն խնդիրների առջև։ Իսկ ու՞մ և ինչի՞ համար են պետք այդ փողերը: Դրանք պետք են արտաքին պարտքը սպասարկելու, կարճ ասած՝ մեր ստացած ու իշխանությունների կողմից յուրացված արտաքին պարտքը փակելու համար: 2014 թվականն ամենաճակատագրականներից մեկն է, որովհետև400 մլն դոլար պիտի սպասարկվի, իսկ երկրում փողեր չկան, հարկահավաքչությունը մեծ օգուտներ չի տալիս, որովհետև շատերը փակում են իրենց բիզնեսներն ու հեռանում, ոմանք էլ իրենց ձեռնարկատիրական գործունեությունը տեղափոխում են արտերկիր:
Եթե հետևենք թվերի դինամիկային, ապա կտեսնենք, թե ինչքան բիզնեսներ են փակվել, ինչքան մարդ է Հայաստանից դուրս փնտրել բիզնես միջավայր։ Ու հիմա արտաքին պարտքը փակելու միջոցներից մեկն էլ կուտակայինն է: Հենց այդ գումարների վրա է իր հույսը դրել իշխանությունը։ Եթե պարտքը չսպասարկվի՝ չեն բացառվում մոնիտորինգները, աուդիտները, իսկ այդ դեպքում կբացահայտվեն փոշիացումներն ու յուրացումները, Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն: Ուստի ամեն գնով պետք է փող աշխատել։
Մ. Լևոնյան
Նյութի աղբյուրը