Արմավիր քաղաքի 21-ամյա բնակիչ Լեւոն Չ.-ն մեղադրվում է հասարակական կարգը խախտելու, վեճ սարքելու եւ սեռական բնույթի հայհոյանքներ հասցնելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա փետրվարի 16-ին ժամը 15:30-ի սահմաններում: Լեւոն Չ.-ն Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում ընկերոջ՝ Կոլյա Ս.-ի հետ անհիմն վիճաբանել են նույն քաղաքի բնակիչներ Նարեկ Հ.-ի, Էդգար Ի.-ի եւ Էդուարդ Ի.-ի հետ: Վեճի ընթացքում վերջիններիս վախեցնելու համար Լեւոնն օդամղիչ ատրճանակով կրակել է օդ, տվել սեռական բնույթի հայհոյանքներ, քաշքշելով պատռել Նարեկի բաճկոնը ու ոտքով հարվածել Էդուարդի մեքենային՝ պատճառելով 125 հազար դրամ նյութական վնաս: Լեւոնը սակայն չի հանգստացել ու շարունակել է սեռական բնույթի հայհոյանքներ հասցնել:
Լեւոն Չ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական առաջին նիստը նշանակված է մարտի 25-ին:
Աղբյուր՝ news.am