Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը լրագրողներին հայտնել էր, որ 2013-ին Հայաստան է ներթափանցել նոր աղանդ, որի բոլոր ներկայացուցիչները համասեռամոլներ են: Ըստ նրա` Սևակ Կիրակոսյան անվամբ մի տղա է նրանց ղեկավարը, որը նույնպես համասեռամոլ է:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Սևակ Կիրակոսյանը նշեց, որ ինքն ամենևին էլ տեղյակ չէ` նման կազմակերպություն կա՞, արդյոք, Հայաստանում: «Գուցե անքննելի ու անճանաչելի են ուղիներն Աստծո, ու գուցե մի օր պարզվի՝ հոգևորական եմ, գլխիս խաբա՞ր էլ չկա»,- ասաց նա:

 

Կիրակոսյանի կարծիքով` իր անվան հետ նման կազմակերպության գոյությունը կապելը կամ, առհասարակ, իր անունը շոշափելը բոլորովին այլ պատճառ ունի: Ըստ նրա` ինչ-որ ժամանակ առաջ ինքը մի գիրք էր գրել, որի հղումն ուղարկել է ՄԵԼ-ի ներկայացուցիչներից մեկին, որն առանց որևէ բացատրության` մինչ այդ սկսել էր վիրավորել Կիրակոսյանին:

 

«Ենթադրում եմ` նա ինձ գրեց այն պատճառով, որ իրենց կազմակերպությունը մի հոդված էր գրել «համասեռամոլների» մասին: Ես հոդվածի հեղինակի հետ կապվեցի ու ասացի, որ հոդվածում ապատեղեկատվություն են տպագրել, որ այսինչ կետերը խնդրահարույց են, իրականությանը չեն համապատասխանում: Դրանից հետո ինձ գրեցին, թե զզվում են գեյերից, գեյերը դժոխքում են վառվելու և այլն, անգամ սպառնաց, որ գիտի` որտեղ եմ ապրում, ու որ կտեսնվենք մի քանի օրից»,- պատմեց Կիրակոսյանը:

 

Կրոնն ու սեռականությունը նրան հետաքրքրող թեմաներից են, եւ նա գրում է դրանց մասին տարբեր տեսանկյուններից: «Ես, ընդհանրապես, աթեիստ եմ ու կողմ չեմ կազմակերպված կրոններին ու իռացիոնալ հավատին, ուր մնաց` մի հատ էլ ինքս ստեղծեմ կրոն, կազմակերպություն: Բայց առասպելները, սեռականությունը, պատմությունը, աշխարհիկությունն ինձ հետաքրքրող թեմաներ են, որոնց մասին տարբեր տեսանկյուններից գրում եմ: Ես համոզված եմ, որ հանդուրժողականության մակարդակը պետք է բարձրանա ամեն տեղ, նաև` եկեղեցիներում: Ուստի պատրաստ եմ համագործակցել կրոնական կազմակերպությունների հետ` սեռականության ու աշխարհիկության հարցերով»,- ասաց Կիրակոսյանը:

Նյութի աղբյուրը

Comments are closed.