Առաջին ատյանի դատարանն արդարացրել է չորս կանանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ մեղադրվող 41-ամյա կնոջը: Իր վճռով՝ առաջին ատյանի դատարանը նրան մեղավոր է ճանաչել միայն մեկ կնոջ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ:

Նախաքննության ընթացքում կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Եդեմ» ռեստորանային համալիրում կրակայրիչով հարվածելով` գոռացել և հայհոյել է Լուսինեին (անունները փոխված են), նրանից պահանջել մինչև հաջորդ օրը ժամը 09:00-ն վերադարձնել իր ընկերուհի Անահիտի պարտքը՝ սպառնալով հակառակ դեպքում՝ ամուսնուն և հարազատներին հայտնել նրա` մարմնավաճառությամբ զբաղվելու մասին: Ըստ նախաքննական մարմնի՝ դրանից  հետո Լուսինեն ինքնասպանություն գործելու դիտավորությամբ վերադարձել է տուն, դանակով երկու անգամ հարվածել որովայնին, որից հետո տեղափոխվել Է «Աբովյանի բժշկական կենտրոն» և ստացել համապատասխան բուժօգնություն:
41-ամյա կնոջը մեղադրանք էր առաջադրվել նաև այն բանի համար, որ դրամական օգուտ ստանալով՝ նպաստել է իր ծանոթ 4 մարմնավաճառների պոռնկությամբ զբաղվելուն և տնօրինել է իր կողմից բերված հաճախորդների հետ նրանց սեռական հարաբերություններ ունենալու դիմաց վճարված գումարների մի մասը:  Նրան մեղադրանք էր առաջադրվել ինքնասպանության հասցնելու և երկու կամ ավելի անձանց օգտագործելով՝ պոռնկությամբ զբաղվելու նպաստելու համար:

Դատաքննության ընթացքում որոշում է կայացվել դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություն նշանակել Լուսինեի նկատմամբ՝ պարզելու համար՝ արդյո՞ք նա տառապում է կամ տառապել է հոգեկան հիվանդությամբ, արդյո՞ք այդ հիվանդության հետևանքով զրկված է եղել իրադարձությունները ճիշտ ընկալելու և վերարտադրելու ունակությունից: Փորձաքննության նշանակումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ դատական նիստերից մեկի ընթացքում գործով տուժող Լուսինեն ցուցմունք է տվել, որ ինքնասպանության փորձ է կատարել գործով ամբաստանյալի կողմից հնչեցված այն ենթադրյալ սպառնալիքից ազդված, թե իբր ամուսնուն հայտնելու է իր ամուսնական անհավատարմության մասին: Պատասխանելով պաշտպանության կողմի հարցադրումներին՝ Լուսինեն հայտնել է, որ իր կողմից ամուսնական անհավատարմության դրսևորումները պետք է որ անակնկալ նորություն չլինեին իր ամուսնու համար, դրանք մեկ տարուց ավելի հայտնի էին իր ամուսնուն, մասնավորապես, ամուսնուն հայտնի է եղել, որ ամուսնական կյանքի ընթացքում ինքն Ալեքս անունով զուգընկեր է ունեցել, որը ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում, և որի կապակցությամբ ամուսինն իրեն հասկացել ու ներել է:

Ալբերտ անունով տաքսիստը նույնպես նրա ամուսնուն հայտնել է ամուսնական կյանքի ընթացքում կնոջ անհավատարմությունների մասին, և ամուսինը կրկին իրեն ներել է: Տուժող Լուսինեն նաև հայտնել է, որ 2011թ. աշնանն իր կողմից մկնդեղով թունավորվելու փորձից հետո էլ իր ամուսնուն հայտնի է դարձել իր ամուսնական անհավատարմության մասին, և ամուսինն իրեն դարձյալ ներել է: Այնուհետև Լուսինեն  հայտնել է, որ դեպքից ու ամբաստանյալի ենթադրյալ սպառնալիքից դեռևս երկու-երեք օր առաջ ինչ-որ մեկը փակ համարից հեռախոսով իր ամուսնուն հայտնել է իր ամուսնական անհավատարմության մասին, ինչի հետևանքով ամուսինն այդ պահից սկսած ու երկու-երեք օր շարունակ անընդհատ հարբած է եղել, ինչպես տուժողը բնորոշել է՝ «որ խմում է, գժվում է, չի հասկանում՝ ինչ է անում, անընդհատ և ընդհուպ մինչև իր ինքնասպանության փորձի պահը պարբերաբար ծեծի է ենթարկել իրեն»:
Դատարանում հրապարակվել են նաև  տուժող Լուսինեի նախաքննական ցուցմունքները: Երկու ցուցմունքներում էլ տուժող Լուսինեն հայտնել է, որ իր ինքնասպանության փորձի պատճառը ամուսնու պարբերական դաժանություններն են եղել:  Տուժող Լուսինեն իր դատաքննական ցուցմունքների և նախաքննական ցուցմունքների հակասականության վերաբերյալ որևէ տրամաբանական բացատրություն չի ներկայացրել, այլ հայտնել է, որ ինքը հոգեկան հիվանդություն ունի, անգամ դեպքից հետո ստացիոնար բուժում է ստացել Նորքի հոգեբուժարանում, և ոչ այն ժամանակ է գիտակցել, թե ինչ է գրում, և ոչ էլ հիմա է դատարանում հստակ գիտակցում, թե ինչ է ասում:

Դատաքննության ընթացքում գործով մեղադրողը հարաժարվել է ինքնասպանության հասցնելու համար կնոջն առաջադրված մեղադրանքից, ինչի արդյունքում դատարանը որոշում է կայացրել այդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Երկու կամ ավելի անձանց օգտագործելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար առաջադրված մեղադրանքում կինն իրեն մեղավոր չի ճանաչել:

Առաջին ատյանի դատարանը կնոջը մեղավոր է ճանաչել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ: Դատարանը նրան դատապարտել է 2 տարվա ազատազրկման: Ապա, կնոջ նկատմամբ կիրառելով Ազգային ժողովի կողմից հայտարարված համաներումը, նրան ազատել է պատժից: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացվել է, և նա ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից:

Առաջին ատյանի դատարանի այս վճիռն ուժի մեջ է մտնելու հրապարակումից մեկ ամիս անց: Այդ ընթացքում այն կարող է բողոքարկվել քրեական վերաքննիչ դատարանում:


Աղբյուր՝ 168.am