NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դատարանի դիմաց հավաքված տուժող կողմի՝ Հակոբյանների ընտանիքի անդամները, տեսնելով դերասանի փաստաբաններին, սկսել են բղավել։

«Մեր ցավի վրա, մեր վերքի վրա աղ  են լցնում, նույնն էլ թող իրենք ընկնեն այս վիճակի մեջ ինչ մենք ենք»,- գոռացել է Արթուր Հակոբյանը, որը, հիշեցնենք, վթարի ենթարկված «Նիվայի» վարորդն էր եւ զոհված երիտասարդներից մեկի հայրը։

Իսկ մահացած Էդգար Հակոբյանի մայրը՝ Աննա Կարապետյանը արտասվելով ասել է, որ ոչ ոք իրավունք չունի իրենց քննադատելու, քանի դեռ չեն զգացել իրենց ցավը, «քանի իրենց բալին գերեզման չեն դրել». «Մենք երկու 16 տարեկան երեխա ենք հողի մեջ դրել, իսկ իրենք եկել ստեղ շոու են սարքում»։

Աննա Կարապետյանն այնքան է հուզվել, որ նրա ինքանազգացողությունը վատացել է, շտապօգնություն են կանչել։

Հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալոյանը դատարանին առաջարկել է հետաձգել նիստը 15 րոպեով, մինչեւ Աննա Կարապետյանին բուժօգնություն ցուցաբերեն։ Աննա Կարապետյանի ամուսինը՝ Հայկ Հակոբյանը եւ նրա եղբայրը՝ Արթուր Հակոբյանը, նույնպես քիչ անց վատացել են, նրանց այժմ շտապօգնության մեքենայով տեղափոխում են Աբովյանի հիվանդանոց։

Նշենք, ոչ Վարդան Պետրոսյանը շահերը պաշտպանելու համար Ֆրանսիայից ժամանել է երկու փաստաբան՝ Մարի Տոզեն եւ Ժերար Չոլակյանը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Եղիշի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին՝ իրականացրել է ոչ պատշաճ եւ վտանգավոր երթեւեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ եւ երթեւեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 եւ 66 կետերի, ինչպես նաեւ «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթեւեկելի մասից դեպի աջ եւ առջեւի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետեւի մասին: Վթարի հետեւանքով «Վազ -21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին եւ էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթեւիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաեւ ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով:

news.am