Նա նշեց, որ իրենք չեն բավարարվում միայն վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականով, նրա խոսքով՝ կառավարությունն ամբողջ կազմով պետք է հրաժարական տա: Վահան Բաբայանը նաև նշեց, որ իրենց համար անընդունելի է ՀՀԿ-ական վարչապետի այլ թեկնածուն, պետք է հաջորդ վարչապետը ՀՀԿ-ական չլինի:
Միաժամանակ ԲՀԿ անդամը սպառնաց իշխանություններին՝ նշելով, որ եթե ստեղծված իրավիճակում իշխանությունները հետևություն չանեն, հաջողության հասնելու համար անհրաժեշտ կլինի, որպեսզի իրենք ապահովեն հարյուր հազարավոր մարդկանց ներկայությունը փողոցներում ու որոշումներ կայացնող կառույցների մոտ: Դրանով, ըստ Բաբայանի, իշխանափոխության փուլային տարբերակին փոխարինելու կգա ամբողջական տարբերակը: Նա ասաց, որ հնարավորություն կա փոփոխություններն անցնցում տարբերակով անելու:
«Իշխանությունները հետևություններ պետք է անեն, որի արդյունքում կարող են խուսափել բարիկադներից ու ցնցումներից»,- նշեց նա:
Վահան Բաբայանի խոսքով՝ կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը երկիրը հասցրել է սնանկության: Նա նշեց, որ ապրիլի 28-ն այն օրն է, որից հետո իրենք որոշելու են իրենց հետագա քայլերը: Ըստ Բաբայանի՝ կամ ապրիլի 28-ին անցնում փոփոխություններ կլինեն, կամ կստեղծի մի իրավիճակ, որի արդյունքում հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց:
Հաջորդ կառավարությունն, ըստ նրա, պետք է լինի ազգային համաձայնության կառավարություն: Նա նշեց, որ ապրիլի 28-ին Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ կստեղծվի, ըստ այդմ՝ իրենք հանրությանը կներկայացնեն, թե ինչ քայլեր պետք է արվեն:
ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանն էլ ասաց, որ այսօրվա խնդիրները կամ շատ արագ պետք է վերացնի ներկա կառավարությունը, կամ դա կանի հաջորդ՝ նոր կառավարությունը: Նա նշեց, որ ոչ իշխանական չորս ուժերը ավելի ուշ կհրապակեն այն ծրագիրը, այն շրջանակները, որոնցով պետք է շարժվի հաջորդ կառավարությունը:
«Մենք ուզում ենք խաղաղ փոփոխություն, բայց անձերի փոփոխությունները պետք է բերեն երկրում արմատական փոփոխությունների: Մենք ապրիլի 28-ից հետո նոր միայն կասենք, թե ինպիսին ենք տեսնում հաջորդ վարչապետին և մյուս պոստերը զբաղեցնող անձերին, անձերի մասին խոսակցությունը կլինի շատ ավելի ուշ»,- նշեց Ստեփան Մարգարյանը:
Նրանք ասացին, որ սա ԲՀԿ դիրքորոշումն է, իսկ հարցին, թե ինչու այդ մասին անձամբ Գագիկ Ծառուկյանը չի հայտարարում, պատասխանեցին. «Գագիկ Ծառուկյանը հիմա քաղաքում չէ»:
ԲՀԿ-ն վերջնագիր ներկայացրեց իշխանությանը: Ծառուկյանը քաղաքում չէ
Comments are closed.