Լաթաքիայի Աստվածածին եկեղեցում եւ հարակից տարածքում ժամանակավոր բնակատեղի են գտել Քեսաբից տարհանված մոտ 1800 հայեր՝ 600-650 ընտանիք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանը:

Նա նշեց, որ հայերի վիճակը վատ է, նրանք ոչինչ չունեն՝ ոչ հագուստ, ոչ սնունդ, ոչ փաստաթուղթ, որովհետեւ ամբողջը մնացել է Քեսաբում:

«Լավ չեն հայերը, վատ վիճակում են, վտանգ կա, վախ կա: Տուն-տուն մտել են, վառել, պատռել, թալանել, կրակել կենդանիների՝ շների, հավերի վրա, ամբողջը ջարդել եւ փշրել, շատ վատ է: Ամեն ինչի կարիք ունեն, ոչ հագուստ, ոչ սնունդ, ոչ փաստաթուղթ չունեն, ոչ մի բան չունեն, ամբողջը մնացել է Քեսաբում Հույս ունեին, թե մեկ օրում կվերադառնան, բայց այսպես եղավ»,- ասաց քաղաքապետը:

Ինչ վերաբերում է Քեսաբում ծավալված ռազմական գործողություններին, Վազգեն Չափարյանն ասաց, որ դրանից ինքը տեղյակ չէ, գիտի միայն, որ կառավարությունը պատրաստվում է: Նրանք հույս ունեն վերադառնալ Քեսաբ:

Հիշեցնենք, որ մարտի 21-ի վաղ առավոտյան ահաբեկչական Ալ-Նուսա խմբավորման ջոկատները 4 կողմերից լայնածավալ հարձակման են անցել Սիրիայի հյուսիսում հայերով եւ ալեւիներով բնակեցված Լաթաքիայի շրջան։ Թուրքիայի Հաթայ նահանգին սահմանակից Սիրիայի հայաբնակ Քեսաբի շրջանում ապրող 600 հայ ընտանիք տեղափոխվել են Լաթաքիա։ Մարտի 24-ին ԱԺ մի խումբ պատգամավորներ մեկնել են Լաթաքիա:

news.am