Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի որդին հերքում է օրենքով գող «Օշականցի Գեւորիկին» ծեծելու մասին լուրերը: Այս մասին նա տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել, թե Երեւանում ծեծի է ենթարկվել Գեւորգ Մելիքյանը, եւ այդ ամենին առնչություն ունեցողների մեջ միտումնավոր նշվում է նաեւ իմ անունը: Նախ նշեմ, որ Գեւորգ Մելիքյանի հետ որեւէ կապ չունեմ. ես ոչ միայն նրան չեմ ճանաչում, այլեւ տեղյակ չեմ, թե ինչ է կատարվել նրա հետ: Եւ, բնականաբար, այդ պարագայում չեմ էլ կարող որեւէ կերպ մասնակից լինել նրա հետ կատարվածին, անգամ եթե նման դեպք տեղի է ունեցել:

Ցավում եմ, որ որոշ լրատվամիջոցներ իրենց ապատեղեկատվությունը ու անբարեխղճությունը փորձում են որպես ճշմարտություն մատուցել` իմ անունը շահարկելով»:

Հիշեցնենք, որ «Primecrime» կայքը գրել էր, թե Երեւանում մարտի վերջին ծեծի է ենթարկել «օրենքով գող» 43-ամյա Գեւորգ Մելիքյանը, ով առավել հայտնի է «Օշականցի Գեւորիկ» անվամբ։ Նրան նեղացնողների շարքում են ԱԺ նախագահի որդին եւ «օրենքով գող» Պզո մականունով Արմեն Ղազարյանի եղբայրը:

Գեւորգ Մելիքյանի ընտանիքից NEWS.am-ի թղթակցին հայտնել էին, որ նման բան չի եղել եւ չի էլ կարող լինել։ «Նման բան չի կարող լինել, որովհետեւ կան տարրական բաներ, որոնք այդ կյանքի մարդիկ կարող են հետաքրքվել եւ իմանալ։ Ամեն ինչ նորմալ է եւ առհասարակ նման բան չի կարող լինել»,- հայտնել էին նրա ընտանիքից։

Իսկ թե որտեղ է հիմա «Օշակացի Գեւորիկը» կամ որտեղ էր նա մարտի վերջին, հարազատները չհայտնեցին՝ հավելելով, որ այդ ամենը նախ պետք է նրա հետ համաձայնեցնեն։

news.am