1. Կարո՞ղ է, արդյոք, կինն օրգազմ չապրել, եթե առնանդամի կեսը ներհրված է հեշտոցի մեջ:

Օրգազմ չապրելու պատճառները բազում են և տարաբնույթ, ընդ որում՝ միաժամանակ մի քանի գործոնի ազդեցությունն է, որ կարող է հանգեցնել օրգազմի բացակայության: Այդ գործոնների մեջ կան այնպիսիք, որ նախատրամադրող են, այսինքն՝ պարարտ հող են ստեղծում, այնպիսիք, որ նպաստում են, այսինքն՝ անմիջականորեն բերում են խնդրի առաջացմանը, և վերջապես կա գործոնների երրորդ խումբը, որը պահպանող դերակատարում ունի: Կիսատ ներհրումն ընդհանրապես կապ չունի վերոնշյալ գործոններից և ոչ մեկի հետ. հակառակը՝ այն կարող է հեշտացնել հեշտոցային օրգազմի առաջացումը, քանի որ հեշտոցի ամենազգայուն հատվածը հենց սկզբնամասն է՝ հեշտոցամուտքը:

Իսկ G գոտին, ինչպես գիտեք, գտնվում է հեշտոցի հենց սկզբնամասում: Այնպես որ, կիսատ ներհրումից չէ, որ դու օրգազմ չես ապրում: Կարծում եմ՝ ավելի շատ դեր են խաղում այլ մտավախություններ, օրինակ՝ նման ներհրումով սեռական հարաբերություն ունենում են կուսաթաղանթը պահպանելու նպատակով, և այդ ժամանակ նյարդային լարվածությունը (կուսաթաղանթը չկորցնելու հետ կապված) արդեն իսկ բավարար և հիմնավոր դեր ունի օրգազմ ապրելու հնարավորությունը զրոյացնելու գործում: Կիսատ ներհրման վտանգավորություն չեմ տեսնում, եթե այն կիրառվում է հաճույք ստանալու համար: Իսկ եթե այդպես եք վարվում կուսությունը պահպանելու համար, ապա խորհուրդ չեմ տա դա երկար շարունակել, քանի որ նյարդային այն լարվածությունը, որ ունենում է զուգընկերներից յուրաքանչյուրը, ցանկալի չէ և կարող է վնաս հասցնել առողջությանը, առավել ևս, որ կիսատ ներհրումն ամենևին էլ չի ապահովագրում կուսաթաղանթի վնասումից. կուսաթաղանթն ավելի մոտ է գտնվում հեշտոցամուտքին, քան շատերը կարծում են:

2.18 տարեկան եմ, ունեմ ընկեր, որն ինձանից հեռու է ապրում, և մենք հեռախոսային սեքս ենք ունենում, որն ինձ օրգազմի է հասցնում: Բազմիցս փորձել ենք խուսափել դրանից, սակայն ի վերջո տեղի ենք տվել ցանկությանը: Կարո՞ղ է, արդյոք, դա որևէ վնաս հասցնել մեր առողջությանը:

Հեռախոսային սեքսը սեռական կյանքի մի ձև է, որը ժամանակավոր լինելու դեպքում կարող է ավելի շատ օգուտ տալ, քան վնաս, քանի որ ազատում է սեռական ավելորդ լարվածությունից, հոգեբանորեն մոտեցնում է զուգընկերներին՝ խորացնելով նրանց միջև հոգեհուզական ինտիմ կապը: Սակայն խորհուրդ չեմ տա տարվել դրանով, քանի որ սեռական գրգռման ռեֆլեքսներն ամրապնդվելու հատկություն ունեն, և հնարավոր է, որ հետագայում իրական սեռական հարաբերության ժամանակ խնդիրներ ծագեն երկուսիդ մոտ էլ. մարմինը սովորում է մի ձևով արձագանքելուն և նոր իրավիճակում «շփոթվում» է: Խորհուրդ կտամ մինչև մեկ տարին լրանալն իրական սեռական հարաբերություններ հաստատել:

3. Կես տարուց ավելի ընկերություն եմ անում մի աղջկա հետ, և այդ ընթացքում ոչ մի անգամ սեռական հարաբերություն չենք ունեցել: Իմ առաջարկին նա պատասխանեց, որ չի կարող, և մենք ստիպված որոշեցինք, որ ես ուրիշ տեղ կբավարարեմ իմ սեռական պահանջները: Դա խելացի՞ որոշում է, և արդյո՞ք դա չի վտանգի մեր հարաբերությունները:

Պիտի ասեմ, որ ես նման որոշմանը, մեղմ ասած, դեմ եմ: Սեռական կյանքն ու սիրո զգացմունքը փոխլրացնում և փոխպայմանավորում են միմյանց։ Դրանք արհեստականորեն տարանջատելը (այսինքն՝ սեքսը մեկի հետ, զգացմունքը՝ մյուսի) համարում եմ խիստ վտանգավոր սեռական առողջության և հոգեսեռական զարգացման համար: Խելացի որոշում չեմ համարում և գտնում եմ, որ այն ավելի շուտ կհեռացնի ձեզ իրարից, քան կմոտեցնի:

4. Սեռական հարաբերության ժամանակ առաջին պահին (առնանդամի ներհրման ժամանակ) սարսափելի ցավ եմ զգում: Ի՞նչը կարող է դրա պատճառը լինել:

Պատճառն այն է, որ ներհրման պահին հեշտոցամուտքը բավարար չափով խոնավացած և թուլացած չի լինում: Սա խոսում է ոչ բավարար սեռական գրգռման մասին: Սեռական կիրքը քեզ մոտ չի հասել իր հասունությանը, և դու բավականաչափ սեռազգայուն չես դարձել, որպեսզի ապրես սեռական գրգռման այնպիսի հաճույք, որի մասին պատկերացումն անգամ բավարար է, որ հեշտոցամուտքը խոնավանա: Դա հնարավոր է զարգացնել, եթե ունենաս կանոնավոր սեռական կյանք քո սիրելի անձնավորության հետ, եթե իհարկե քեզ մոտ չկան ներքին հոգեսեռական այնպիսի խնդիրներ, որոնք ինքնուրույն հաղթահարել անզոր ես:

5. Արդյո՞ք աղջիկների նկատմամբ սիրահարվածության զգացումը վկայում է այն մասին, որ ես լեսբուհի եմ։

Ո՛չ, սիրահարվածության զգացումը սեռական նախընտրության մասին շատ քիչ բան է ասում: Սեռական նախընտրությունն ավելի շուտ սեռական վարք է, այսինքն՝ բուն սեռական կյանք նախընտրած զուգընկերոջ/ուհու հետ, իսկ սիրահարվածությունն ինքնամոռացություն է, և բոլորովին կապ չունի՝ որ սեռի ներկայացուցիչն է ստիպում քեզ մոռանալ ինքդ ձեզ: «Մաքուր» լեսբուհիներ կամ «մաքուր» նույնասեռական տղաներ իրականում շատ քիչ են հանդիպում:

Մյուսները, ովքեր հավակնում են նման կոչման և իրենց համարում են այդպիսին, իրականում այլ հոգեսեռական խնդիրներ ունեն, որոնց մասին իրենք չեն գիտակցում, քանի որ պարզապես չեն ցանկանում դա գիտակցել:

cosmo.am