Օրերս Իջեւանում մահափորձ է կատարվել տեղի գործարարներից մեկի ուղղությամբ: NEWS.am-ի տեղեկություններով՝ ապրիլի 1-ին գիշերը մի տղամարդ կրակոցներ է արձակել «Իջեւանատուն» հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ ուղղությամբ հենց համալիրի մուտքի մոտ:

Ի պատասխան այս կրակոցների, սեփականատերը, որի անունը Անդրանիկ է, իր մոտ եղած որսորդական հրացանից կրակոցներ է արձակել, որից հետո իր ուղղությամբ կրակող տղամարդը դիմել է փախուստի:

NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատել են նաեւ ոստիկանությունից` հայտնելով, որ մահափորձ կատարած տղամարդը դեռ չի հայտնաբերվել: «Ձեռնարկվում են միջոցառումներ նրան եւ իր հետ համալիր այցելած անձանց ինքնությունները պարզելու, հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն»,- հայտնել են ոստիկանությունից:

news.am