ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հովիկ Աբրահամյանը բոլորի համար ընդունելի վարչապետի թեկնածու է:

Մամուլի հրապարակումներից բացի՝ սա երևի թե առաջին անգամ է, որ իշխանությունների ներկայացուցիչը խոսում է նման բաց տեքստով, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ իշխանությունների որոշումն արդեն կայացված է, և իսկապես Հովիկ Աբրահամյանն է ընտրվել Սերժ Սարգսյանի, այսպես ասած, «բոլորի համար ընդունելի թեկնածու», որը ըստ մամուլի՝ Սերժ Սարգսյանն ասել է հանրապետականներին Տիգրան Սարգսյանի հրաժարականն ընդունելիս:

Հիշեցնենք, որ մամուլում նաև տեղեկություններ էին հրապարակվում, որ Հովիկ Աբրահամյանի նշանակման հարցը արդեն լուծված է: Նշվում էր նաև, որ ԱԺ նախագահի նրա թափուր մնալիք պաշտոնն էլ կզբաղեցնի Կարեն Կարապետյանը՝ Ռուսաստանում թիվ մեկ հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի՝ Տաշիրի Սամոյի եղբայրը, որը մի առիթով հայտարարել էր, որ Հայաստանում 90 միլիոն դոլարով կարելի է ցանկացած պաշտոն գնել:

Այսպիսով՝ Հայաստանում, ըստ էության, կարող ենք խոսել խնամի-քավոր-սանիկական մի հեղաշրջման մասին, որ իրականացնում է հայաստանյան քրեաօլիգարխիկ համակարգը, ինչը ըստ էության անխուսափելի էր Մաքսային միության՝ ընտրված ճանապարհի պայմաններում:

Այդ պայմաններում որևէ այլ բան, որևէ այլ սուբյեկտ չի կարող Հայաստանում որևէ բան իրականացնել՝ քրեաօլիգարխիկ համակարգից բացի, որը այս տարիների ընթացքում ամրապնդվել է նաև քավոր-սանիկական հարաբերություններով ու խնամիությամբ: Եվ սա, ըստ էության, հանդիսանում է այդ համակարգը երկու իշխանական և ոչ իշխանական մասի բաժանելու միջոցով ներքաղաքական դաշտն ամբողջովին կլանելու արդյունքը, տրամաբանական և ըստ երևույթին ավարտուն արդյունքը:

Հովիկ Աբրահամյանը Գագիկ Ծառուկյանի խնամին է, այսինքն՝ «բոլորի համար ընդունելի» տրամաբանության մեջ, և պատահական չէ, որ Ծառուկյանի ԲՀԿ-ն վարչապետի ու կառավարության թեմայով այլևս ասելիք և մեկնաբանություն չունի:

Սամվել Կարապետյանը, որի եղբայրը Հովիկ Աբրահամյանի փոխարեն նշանակվելու է ԱԺ նախագահ, քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է ոչ իշխանական բևեռի առաջնորդ Ծառուկյանի հետ:

ՀՀԿ-ականների միջև հարաբերությունների մասին ընդհանրապես չարժե հիշատակել, այնտեղ, այսպես ասած, ամբողջական մի օրգանիզմ է՝ իր մականուններով և հեղինակություններով՝ Լֆիկ Սամոյից մինչև Չոռնի Գագո:

Այսպիսով՝ Հայաստանում, ըստ էության, կարող ենք ասել, որ տեղի է ունենում քրեաօլիգարխիկ համակարգի փաթեթային վերարտադրություն՝ Ռուսաստանի քավորությամբ: Այսինքն՝ 2008 թվականից հետո ինչ-որ դեգերումների մեջ հայտնված քրեական-օլիգարխիկ համակարգը ըստ էության վերադառնում է ի շրջանս յուր կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ վերադառնում է, այսպես ասած, փայտի երկու ծայրից՝ իշխանության և ընդդիմության:

Այսինքն՝ եթե 2008-ին այս համակարգի «դեգերումները» սկսվեցին ընդդիմության առկայության արդյունքում, ապա դեգերումները ավարտվում են և համակարգի բյուրեղացման գործընթացը ավարտին է հասցվում արդեն ոչ միայն իշխանության, այլ նաև, այսպես ասած, ընդդիմության անվան տակ՝ «բոլորին ընդունելի տարբերակով»:

Լուսանկարը՝ Mediamax-ի
Աղբյուր՝ www.1in.am