Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Իրանի քաղաքացի Մոհամմադ Հոսսեինի Զարեհիի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:Գործը արագացված ընթացակարգով քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ:

33-ամյա Մոհամմադը Հայաստան է եկել 2007 թվականին: Իր հայրենիք Իրանում նա աշխատել է որպես ֆիլմերի թարգմանիչ:

Երևանյան տարբեր դիսկո ակումբներում Մոհամմադը մենեջեր է եղել, ինչպես նաև զբաղվել է զբոսաշրջության կազմակերպմամբ՝ բացելով իր գրասենյակը:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Մոհամմադը երևանյան դիսկո ակումբներում ծանոթացել է մարմնավաճառությամբ զբաղվող Դիանայի, Մարգարիտայի, Նաիրայի, Թեհմինեի, Գոհարի, Մարիայի, Արմինեի հետ, պայմանավորվածություն ձեռք բերել, որ 5 հազար դրամ միջնորդավճարով նրանց ծանոթացնի պարսիկ հաճախորդների հետ:

Մոհամմադի այդ միջնորդային ծառայությունները 2007-ից սկսվել ու շարունակվել են մինչև 2013 թվականի սեպտեմբեր ամիսը. նա 5 հազար դրամ միջնորդավճարով կազմակերպել է հայ մարմնավաճառուհիների ու պարսիկ տղամարդկանց հանդիպումները:

Ըստ դատական ակտի՝ գույքային օգուտ ստանալով՝ Մոհամմադը նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն:

Նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 262հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Նախաքննության ընթացքում և ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր Է ճանաչել:

Ամբաստանյալը հայտնել է, թե չի իմացել, որ մարմնավաճառուհիների ու իր հայրենակիցների հանդիպումները կազմակերպելով՝ խախտում է Հայաստանի օրենքները: Մտածել է՝ այդ հարցում ևս, ինչպես շատ հարցերում, Հայաստանում ազատություն է:

Արագացված դատաքննության պայմաններում Մոհամմադը մեղսագրված արարքի համար կարող էր դատապարտվել առավելագույնը՝ 4 տարի ազատազրկման:

Մեղադրողը հենց այդքան պատիժ էլ միջնորդել է իր ճառում՝ նկատի առնելով Մոհամմադի հանցավոր գործունեության տևական ժամանակը և նրա ծառայություններից օգտված մարմնավաճառուհիների ոչ սակավ թվաքանակը:

Ամբաստանյալը խնդրել է իր նկատմամբ արդար լինել, ասել է, թե հիմարություն է արել, չի գիտակցել արարքի լրջությունը:

Ընդհանուր իրավասության դատարանը Մոհամմադ Զարեհիին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար ու դատապարտել է 3 տարի ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ամբաստանյալի շահերի պաշտպանը՝ խնդրելով իր պաշտպանյալի նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառել:

Վերաքննիչ քրեական դատարանում պաշտպանի խնդրանքին միացած ամբաստանյալը իր խոսքը շատ բարձրագոչ սկսեց:

Նա ողջունեց դատարանին ու դատապաշտպանին և շնորհավորեց իրանական Նոր տարին:

Ապա ներկայացավ, թե Թեհրանում է մեծացել, չորս մասնագիտության է տիրապետել՝ երաժշտություն, ֆիլմերի թարգմանություն, փայտագործություն և հեռախոսների նորոգում: Ավարտել է համալսարանը և իրանական խստություններից հեռանալով՝ ժամանել է Հայաստան:

Միայն բարեկեցություն չի որոնել Հայաստան գալով, այլ ցանկացել է գտնել իր ուզած կյանքը: Հայաստանում աշխատել է, օգնել Իրանում ապրող իր տարեց ծնողներին, նպատակ է ունեցել իր համար ստեղծել հարմարավետ պայմաններ:

Դատարանի զգացմունքների վրա ներգործելուն էր ուղղված ամբաստանյալի խոսքը, թե Իրանում ավտովթարից զոհվել է իր կինը, դրանից հետո ինքը չի կարողացել այնտեղ մնալ:

«Իմ կյանքի ուրախությունը երաժշտությունն էր, ահա թե ինչու ես Երևանում հաճախում էի դիսկո ակումբներ»,- ասաց ամբաստանյալ Մոհամմադը:

Հենց դիսկո ակումբներում էլ ծանոթացել է հայ մարմնավաճառուհիների հետ:

«Ես չգիտեի, որ կան վտանգներ, ես ծանոթ չէի Հայաստանի օրենքներին… Այդ պատճառով էլ դիսկո հաճախող մարմնավաճառների շանտաժին ենթարկվեցի…»,- ասաց ամբաստանյալը՝ առաջացնելով դատավարության կողմերի դժգոհությանը:

Խնդրելով իր նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառել՝ իրանցի ամբաստանյալն ասաց, թե ազատազրկման ձևով պատիժը իր համար հավասար է… մահապատժի: «Չէ՞ որ առաջին մեղքի համար մարդուն մահապատժի չեն ենթարկում»,- հռետորական հարց տվեց ամբաստանյալը: Միևնույն ժամանակ նա չցանկացավ խորանալ, թե Իրանում համանման արարքի համար ինչ պատիժ է սահմանված, և ինչ կապ ունի մահապատիժը իր նկատմամբ սահմանված 3 տարի ազատազրկման հետ:

Ամբաստանյալը նշեց, թե արդեն 7 ամիս է՝ կալանավայրում է, մեկուկես տարի չի տեսել իր ծնողներին: Կալանավայրում գտնվելով՝ չի կարողանում նրանց օգնել, իսկ նրանք իր օգնության կարիքն են զգում…

Դատարանը մեկ անգամ ևս հարցրեց, թե ի՞նչ նպատակով է ի սկզբանե Մոհամմադը ժամանել Հայաստան. «Եկել եք, որ ձեր ազգի ջիգիթներին հայ աղջիկնե՞ր մատակարարեք»:

«Ոչ»,- շփոթված պատասխանեց ամբաստանյալը: Թարգմանը մասնակցում էր նիստին, բայց ամբաստանյալն էլ հայերեն հասկանում էր՝ խոսակցական լեզվի մակարդակով: «Ես եկել էի, որ աշխատեմ: Ես Հայաստանի օրենքները չգիտեի: Հաշվի առեք, որ օտարերկրացի եմ»,- ասաց Մոհամմադը:

Վերջում ամբաստանյալը մեկ անգամ ևս զղջաց կատարածի համար. «Ձեր ներողամտությունն եմ հայցում և ներողություն եմ խնդրում ձեր ժամանակը զբաղեցնելու համար»,- դիվանագիտական քաղաքավարությամբ եզրափակեց իր խոսքը ամբաստանյալը:

Մեղադրող Մանուչար Մարտիրոսյանն առարկեց պաշտպանական կողմի բերած վերաքննիչ բողոքի դեմ: Մեղադրողն առարկություն ներկայացրեց նաև ամբաստանյալի այն մտքի դեմ, թե միայն հայ աղջիկների շանտաժի պատճառով է հասել իր ներկա վիճակին: Մեղադրողն ընդգծեց, որ քրեական գործով լիարժեք ապացուցվել է ամբաստանյալի կատարած հանցանքը: Դրա տևողությունը, ներգրաված անձանց քանակը, ինչպես նաև արարքի հանրային վտանգավորության բարձր աստիճանը նկատի առնելով՝ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը չպետք է փոփոխվի, նշանակված պատիժը համաչափ է կատարված հանցանքին: Ամբաստանյալը պետք է կրի իր նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը:

Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց իր որոշումը:

Պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժվեց: Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը մնաց անփոփոխ:

1in.am