Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ:
Ըստ դատական ակտի՝ Հռիփսիկ Հարությունյանն իր ամուսնու հետ 1999 թվականի դեկտեմբերին հիմնել է «Լիլիթ-2» ՍՊԸ-ն, որին պատկանել է նաև Աբովյան քաղաքի Սևանի 11 հասցեում գործող «Լիլիթ» հյուրանոցային-ռեստորանային համալիրը:
ՍՊԸ-ն ղեկավարել է Հռիփսիկ Հարությունյանի ամուսինը: Նրա մահից հետո հյուրանոցառեստորանային համալիրի գործունեությունը մի քանի օրով դադարեցվել է:
2012 թվականի փետրվարից Հռիփսիկ Հարությունյանը որոշել է համալիրը վերստին աշխատեցնել:
62-ամյա Հռիփսիկը «Լիլիթ» համալիրի 45-ամյա մատուցողուհի Էլզայի հետ հերթափոխով աշխատելու համար աշխատանքի է ընդունել նաև 53-ամյա Զվարթին: Դատական ակտի համաձայն՝ հյուրանոցի տիրուհին մատուցողուհիների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ հյուրանոցի առանձնասենյակները 6 հազար դրամով տրամադրվեն հաճախորդներին: Մատուցողուհիների աշխատավարձը գոյանում էր հաճախորդների տված թեյավճարներից:
Հռիփսիկ Հարությունյանն անձամբ հսկողություն է իրականացրել համալիրի գործունեության նկատմամբ և ղեկավարել է այն:
Ըստ դատական ակտի՝ Հռիփսիկ Հարությունյանը երկու-երեք օրը մեկ այցելել է հյուրանոց, հետաքրքրվել հաճախորդների քանակով, վերցրել հասույթը, իսկ հարկ եղած դեպքում հյուրանոցի համար կատարել է գնումներ՝ հյութ, խմիչք, սնունդ, ծխախոտ, պահպանակներ:
Հռիփսիկ Հարությունյանը մատուցողուհիներից տեղեկացել է, որ հյուրանոցի առանձնասենյակները պարբերաբար տրամադրվում են մարմնավաճառուհիներին:
Նրանց իր հիմնական հաճախորդները համարելով՝ հյուրանոցի տիրուհին արգելք չի սահմանել, հակառակը՝ հյուրանոցը հաճախորդներով ապահովելու մտայնությամբ նա մատուցողուհիներին հրահանգավորել է, որ հարկ եղած դեպքում հյուրանոցի հաճախորդների համար նրանք մարմնավաճառներ կանչեն, իսկ իր պահանջը չկատարելու դեպքում մատուցողուհիներին սպառնացել է աշխատանքից հեռացնել:
Որոշ մարմնավաճառների Հռիփսիկ Հարությունյանն անձամբ է առաջարկել, որ օգտվեն իր հյուրանոցի ծառայություններից՝ փոխարենը խոստանալով, որ ցանկասեր հաճախորդ ունենալու դեպքում ինքն էլ, մատուցողների միջոցով, հենց տվյալ մարմնավաճառներին կկանչի:
Դատական ակտի համաձայն՝ Հռիփսիկ Հարությունյանը Էլզա Սահակովայի և Զվարթ Ալավերդյանի օժանդակությամբ «Լիլիթ» հյուրանոցը ղեկավարել, պահել և օգտագործել է՝ առանձնասենյակները պոռնկությամբ զբաղվող մարմնավաճառներին տրամադրելով, որպեսզի նրանք հաճախորդներին մարմնական վայելքներ պարգևեն ու միաժամանակ ապահովեն հյուրանոցի անխափան գործունեությունը:
Քանի որ մատուցողուհիների աշխատավարձը գոյացել է հաճախորդների տված թեյավճարներից, նրանք շահագրգռված են եղել հաճախորդներ ունենալու հարցում և պարբերաբար, հաճախորդների ցանկության դեպքում, իրենց բջջային հեռախոսներով զանգահարել ու հյուրանոց են կանչել մարմնավաճառուհիներ Հեղինեին, Լիանային, Համեստին, Նարինեին, Հերմինեին, Ամալյային, Անահիտին, Նաիրային:
Հաճախորդների հետ հանդիպելու համար նրանց տրամադրել են հյուրանոցի սենյակները՝ 6 հազար դրամով, հասույթը փոխանցել են Հռիփսիկ Հարությունյանին:
Մատուցողուհի Էլզան իրեն մեղավոր է ճանաչել պոռնկությանը նպաստելուն օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:
Նա հայտնել է, որ «Լիլիթ» համալիրի տնօրինուհի Հռիփսիկը պահանջել է, որ մարմնավաճառ ցանկացող հաճախորդին չմերժեն, այլ զանգեն մարմնավաճառներին ու կանչեն հյուրանոց: Սպասարկեն այնպես, որ հաճախորդին գրավեն ու լիովին բավարարեն նրա պահանջմունքները:
Հռիփսիկը սպառնացել է հաճախորդի ցանկությանը տուրք չտալու, մարմնավաճառ չկանչելու դեպքում մատուցողուհիներին աշխատանքից ազատել:
Դրանից հետո ինքն ու Զվարթը մարմնավաճառ պահանջող հաճախորդների համար անձամբ զանգել ու մարմնավաճառներ են կանչել, ու դրա մասին, անշուշտ, իմացել է Հռիփսիկ Հարությունյանը:
Հյուրանոցի տնօրինուհին ասել է. «Եթե հյուրանոց մարմնավաճառ չկանչենք, ուրեմն պետք է առանց գործի նստենք ու սոված մնանք»:
Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է համարել երեք ամբաստանյալուհիների մեղքը:
Հռիփսիկ Հարությունյանը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման: Պայմանական դատապարտություն է կիրառվել նրա նկատմամբ, ու սահմանվել է 1 տարի փորձաշրջան:
Էլզա Սահակովան ու Զվարթ Ալավերդյանը դատապարտվել են 3-ական տարի ազատազրկման: Նրանց նկատմամբ ևս պայմանական դատապարտություն է կիրառվել, ու յուրաքանչյուրի համար սահմանվել է 1 տարի փորձաշրջան:
Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել մեղադրողը: Դատախազ Ենոքյանը վերաքննիչ քրեական դատարանում հիմնավորեց իր բողոքը և խնդրեց, որ դատարանը պատժի մասով բեկանի դատավճիռը, ամբաստանյալներին դատապարտի իրական ազատազրկման՝ առանց պայմանական դատապարտության կիրառման:
Մեղադրողն ասաց, որ ընդհանուր իրավասության դատարանը պայմանական դատապարտություն է կիրառել այն դեպքում, երբ, օրինակ, ամբաստանյալ Հռիփսիկ Հարությունյանն իրեն մեղավոր չի ճանաչել ու չի զղջացել կատարածի համար: Նման պայմաններում կարո՞ղ է խոսք լինել ամբաստանյալի ուղղվելու մասին:
Ըստ դատախազի՝ դատարանը ոչ թե պիտի ընդգծի իր մարդասիրությունը, այլ պետք է կայացնի արդարացի դատական ակտ և սահմանի արդարացի պատիժ:
Դատարանը հաշվի չի առել, որ հանցավոր արարքները կատարվել են տևական ժամանակ, ներգրավված են եղել շատ մարմնավաճառներ, հանցագործությունը հանրային վտանգավորության բարձր աստիճան ունի, պետության պատժողական քաղաքականությունն ուղղված է այս հանցատեսակի դեմ պայքարին:
Այս գործով երեք ամբաստանյալների նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառելով՝ հնարավոր չէ հասնել պատժի նպատակների իրագործմանը՝ պնդեց դատախազը:
Ամբաստանյալներից պաշտպան ուներ միայն Էլզա Սահակովան: Պաշտպանն առարկեց մեղադրողի վերաքննիչ բողոքի դեմ: Մասնավորապես իր պաշտպանյալի վերաբերյալ նա ասաց, թե Սահակովան նախաքննական ցուցմունքներով օգնել է այս ծանր հանցագործության բացահայտմանը, ցուցմունքներ է տվել մեղքը չընդունող Հարությունյանի հետ առերես հարցաքննվելու ժամանակ:
Սահակովան լիովին իրեն մեղավոր է ճանաչել ու զղջացել: Էլզա Սահակովան որոշ մարմնավաճառների զանգել ու կանչել է՝ խղճալով, անսալով մարմնավաճառների խնդրանքին, թե երեխա են պահում, ուզում են գումար աշխատել:
Էլզա Սահակովան չի հասկացել, թե ինչ է անում, չի իմացել, որ քրեորեն պատժելի արարք է կատարում:
Էլզայի խնամքին երկու անչափահաս երեխաներ կան: Նրա նկատմամբ դատարանը արժանիորեն է կիրառել պայմանական դատապարտությունը:
Մյուս ամբաստանյալները ևս արժանի են պայմանականի, իսկ մեղադրողի բողոքը պետք է մերժվի՝ եզրափակեց պաշտպանը:
Էլզա Սահակովան միացավ իր պաշտպանին:
Դատարանը հարցրեց՝ դադարեցրե՞լ է նա իր հանցավոր գործունեությունը: Էլզան դժվարությամբ հասկանալով հարցը՝ պատասխանեց՝ այո, այո, դադարեցրել եմ: Եվ ավելացրեց. «Ես չեմ իմացել, թե ինչ են անում ներսում»:
62-ամյա Հռիփսիկ Հարությունյանը փորձեց դիտողություններ անել մեղադրողի աշխատանքի վերաբերյալ, սակայն դատարանը ամբաստանյալի քննադատական վերաբերմունքի մեջ նկատեց մեղքը չընդունողի, չզղջացողի պահվածք: Իսկ եթե ամբաստանյալը չի ընդունում մեղքը, ի՞նչ պայմանականի մասին կարող է խոսք լինել:
Հռիփսիկ Հարությունյանն արագ հասկացավ վտանգը: Նահանջելով՝ ասաց. «Եթե պետք է, 50 անգամ էլ ներողություն կխնդրեմ, հա խնդրում եմ, հիմա ես չեմ էլ աշխատում…»:
Ամբաստանյալը նշեց, թե ամուսնու մահից հետո սգի մեջ է եղել, ինչպե՞ս կարող էր մեղսագրված արարքը կատարել, ինչպե՞ս կարող էր իրեն թույլ տալ, իր որդին էլ իրավական ոլորտում է: Միաժամանակ ընդունում է, որ անմեղ չէ, հասկացել է իր սխալը, հազար անգամ ներողություն է խնդրում:
Ամբաստանյալ Զվարթ Ալավերդյանը, դաս քաղելով Հռիփսիկ Հարությունյանի անհաջող ելույթից, կարճ կապեց, թե իրեն մեղավոր է ճանաչում, զղջում է, էլ երբեք նման բան չի անի:
Վերաքննիչ քրեական դատարանը քիչ անց հրապարակեց իր որոշումը:
Մեղադրողի վերաքննիչ բողոքը մերժվեց: Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ պայմանականի կիրառմամբ, մնաց անփոփոխ:
Կողք կողքի նստած ամբաստանյալները վերջապես շունչ քաշեցին: «Պատկերացնո՞ւմ եք, թե ինչից պրծաք»,- ուրախ հարցրեց պաշտպանը:
«Բա մենք որ իմանայինք էսքան պիտի տանջվենք, էդ բանը կանեի՞նք: Մարմնավաճառներին խղճալով ենք արել, մեկն ասում էր՝ էրեխիս համար կաթի փող չունեմ, մյուսը՝ թե հաց պիտի առնեմ: Բայց եթե իմանայինք, նրանց ոչ մի դեպքում զանգ չէինք տա»,- նախաքննական-դատաքննական գործընթացից իրենց քաղած դասը բարձրաձայնեցին նախկին մատուցողուհիները:
Երեք երջանկացած ամբաստանյալները դեռ փորձաշրջան ունեն կրելու: