Ըստ  մեղադրանքի՝ Արմինեն 2012թ. ամռանը անչափահաս Իռենի համար հաճախորդներ է գտել, նախապատրաստել հանդիպումներ օտարազգի հաճախորդների հետ, ուղեկցել անչափահաս մարմնավաճառուհուն: Արմինեն իր մոտ է պահել հաճախորդների տված 10 հազար դրամը,  այնուհետեւ վերցրել գումարից  3-4 հազար դրամ:

Նրան առաջադրված մեղադրանքի համաձայն , նա գտել է ծնողական հսկողությունից դուրս մնացած անչափահասների եւ կեղծ խոստումներ  տալով՝ աղջիկներին սեռական շահագործման ենթարկել:  Ըստ մեղադրանքի՝ Արմինեն շրջել է Օպերայի, Կասկադի տարածքներում, մոտեցել պարսիկ երիտասարդների, բանակցել ու տասը հազար դրամի դիմաց սեռական հարաբերություններ առաջարկել անչափահաս հայ աղջիկների հետ, հաճախորդներից վերցրած գումարները խաբեությամբ վերցրել է, մի անգամ էլ  անչափահասներից մեկին հարվածել, գետնին գցել ու գումարը ձեռքից վերցրել:

Առաջին ատյանի դատարանում Արմինեն իրեն մեղավոր չի ճանաչել, բայց նրա դեմ ցուցմունքներ են տվել անչափահասները:

Այսօր Վերաքննիչ դատարանում էլ Արմինե Գրիկուրովան ասաց, որ նախաքննության ժամանակ քննիչը ստիպել է իրեն սուտ ցուցմունք տալ, իսկ իրականում ինքն անմեղ է:

«Ես կարող եմ մի բան ասել. ես իրենց հետ շփվել եմ, որովհետեւ ինձ գերել է միայն պարելը, կարաոկե գնալը: Ես անմեղ եմ, ճիշտ ժամանակին կարողացել եմ հետ կանգնել հանուն իմ ծնողների: Ես ճանաչում եմ Իռենին, նա է անչափահասներին հավաքել, տարել, գումարն էլ ինքն է վերցրել: Իռենն է ինձ ստիպել, որպեսզի պարսիկների հետ սեռական հարաբերություններ ունենամ, պոռնկությամբ զբաղվեմ: Քննիչը նախաքննության ժամանակ ինձ ստիպել է, որպեսզի սուտ բաներ գրեմ: Ասաց՝ գրի, կգնաս տուն: Իմ կողքին էլ պաշտպան չկար, ոչինչ չէի հասկանում»,- լացելով դատարանում պատմում էր Արմինեն:

Դատավորի հարցին, թե կա՞ն այնպիսի փաստեր, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել, ամբաստանյալ Արմինեն ասաց. «Ուզում եմ հաշվի առնեք, որ ես պարսկերեն խոսել չգիտեմ: Տուժողներից մեկի մայրն էլ դատարանում ասել է, որ ոչ թե ես, այլ Իռենն է իր  աղջկա պոռնկությամբ զբաղվելուն նպաստել»։

Գործով դատախազը սակայն դատարանին ասաց, որ առաջին ատյանի դատարանում հետազոտվել են բոլոր ապացույցները եւ արդարացի վճիռ է կայացվել:

Ամբողջ դատական նիստի ընթացքում Արմինեն լացում էր, դատավորն էլ նրան հիշեցնում էր՝ «արցունքներով չեք ապացուցելու Ձեր անմեղությունը, դուք դատարանում եք, փորձեք առանց հուզվելու խոսել»:

Նիստերի դահլիճում ներկա էին նաեւ Արմինե Գրիկուրովայի հարազատ քույրն ու եղբայրը, որոնք վստահ էին, որ Արմինեի «գլխին սարքել է» Իռենը: Նիստին չէին ներկայացել տուժողները։

Արմինեն մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 132.2 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 262 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Ամբաստանյալը եւ իր պաշտպանը իրենց բողոքը բերել էին Վերաքննիչ դատարան՝ ակնկալիքով, որ Արմինե Գրիկուրովային կարդարացնեն:


Աղբյուր՝ news.am