«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» քաղաքացիական նախաձեռնության անդամներն, այսօր` ապրիլի 11-ին, երթով Ազատության հրապարակից շարժվեցին դեպի նախագահական նստավայր` պահանջելու մեկ ամիս առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղարկված նամակի պատասխանը:
«Նախագահի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում պատասխանել մեզ, սակայն մեկ ամսվա ընթացքում քար լռւթյուն է: Սա նշանակում է, որ աշխատողները, սկսած նախագահից մինչեւ վերջին աշխատողը, պարալիզացված են եւ ոչ մի բան ընդունակ չեն»,- երթից առաջ Ազատության հրապարակում հայտարարեց նախաձեռնության ղեկավար Գագիկ Սարուխանյանը:
Գագիկ Սարուխանյանը հայտարարեց նաեւ, որ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի միջոցով իշխանությունները «մեսիջներ» են ուղարկում` ասելով, որ Վոլոդյա Ավետիսյանը փառունակ անցյալ չի ունեցել:
«Այսինքն պետք է Լֆիկի նման օլիգարխ լինես, որ փառունակ զինվոր լինես»,- ավելացրեց ազատամարտիկը` խորհուրդ տալով ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին ճշտել իր մարտական անցյալը:
Ելույթից հետո ազատամարտիկները պաստառներով, դրոշներով շարժվեցին ՀՀ նախագահի նստավայր:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մեծ թվով ոստիկաններ կան, չնայած ակցիայի մասնակիցները 20-25-ն են:
Հիշեցնենք, որ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ նա մեղադրվում է «քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Զաքարյանից խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով 2000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու համար»:
Աղբյուր՝ news.am