Նախկինում 2 անգամ դատապարտված, ազգությամբ հույն, 34-ամյա Քրիստինե Տատարագուլոն այսօր՝ ապրիլի 14-ին, ՀՀ վերաքննիչ դատարանում հայտարարեց, որ ինքը իր ընկերոջ՝ Սարգիս Տոնոյանի, եւ նրա մոր՝ Ծովինար Տոնայանի հետ վիճաբանության մեջ մտնելով հասարակական կարգ խախտելու նպատակ չի ունեցել, եւ զղջում է իր արարքի համար։

«Ես ոչ մի արարք դիտավորությամբ չեմ կատարել, ուղղակի ուզել եմ խոսել, չի ստացվել, եւ այդ անշնորհք արարքն է ստացվել»,-դատարանում փորձեց արդարանալ մեղադրյալը։

Մեղադրյալի պաշտպան Արտակ Գարոյանն էլ ընդհատեց իր պաշտպանյալի խոսքը, ասելով, որ իր պաշտպանյալը ուղղակի հիմար արարք է թույլ տվել, որի համար իր պատիժը արդեն կրել է՝ ինն ամիս գնտվելով ազատազրկման մեջ։

Նշենք, որ Քրիստինե Տատարոգուլոյին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նախորդ տարվա հուլիսի 25-ին նա անձնական հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել ծաղկավաճառ, իր ընկերոջ մայր՝ Ծովինար Տոնոյանի հետ, որից հետո վերջինիս, նրա անչափահաս դստեր եւ ընտանիքի անդամների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տալով, ոտքով հարվածել է նրա ոտքին, ապտակել, իր մոտ եղած էլեկտրահարիչ սարքով էլեկտրահարել է Ծովինար Տոնոյանին։

Բացի այդ 2013թ. օգոստոսի 3-ին իր ընկեր Սարգիս Տոնոյանի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տալով, դանակով սպառնացել ու փորձել է հարվածել նրան՝ միջադեպի ամբողջ ընթացքում տալով սեռական բնույթի հայհոյանքներ, ինչպես Տոնոյանների, այնպես էլ՝ իրեն դիտողություն արած անցորդների հասցեին։

Փաստաբան Արտակ Գարոյանը բողոք էր ներկայացրել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան, որպեսզի դատարանը բեկանի առաջին ատյանի դատարանի որոշումը իր պաշտպանյալին 5 տարի 4 ամիս ազատազրկման դատապարտելու վերաբերյալ, արդարացնի իր պաշտպանյալին, կամ մեղմի պատիժը եւ պայմանականորեն կիրառի այն։

«Ամբաստանյալի արարքը սխալ է առաջին ատյանի դատարանում որակված, քանի որ այն խուլիգանություն չէ։ Նաեւ սխալ է տուժողի հարազատների ցուցմունքները որպես հիմք օգտագործել արարքը որակելու համար»,-ասաց փաստաբանը, ավելացնելով, որ Քրիստինեի մոտ գտնվող դանակը եւ էլեկտրահարիչ սարքը չէին կարող որպես զենք կիրառվել, քանի որ առաջինը սարքին չի եղել, իսկ վերջինը զենք չի համարվում։

«Քրիստինեն իր դանակով չէր կարող նույնիսկ հավ սպանել, քանի որ դանակը սարքին չէր եւ Սարգիսի հետ վիճաբանելու ժամանակ նա ոչ թե Սարգիսին է սպառնացել դանակով, այլ սպառնացել է որ ինքն իրեն կվնասի, այդ մասին նույնիսկ ցուցմունք է տվել Սարգիսը դատարանում։ Սարգիսն ասել է, որ ինքը չէր ուզում շփվել, բայց Քրիստինեն ուզում էր, քանի որ սիրում էր իրեն, եւ այդ պատճառով չէր կարող վնասել իրեն»,-ասաց Արտակ Գարոյանը։

Փաստաբանի խոսքով՝ կատարվածի պատճառը Քրիստինեի հուզական վիճակն է եղել. «Հանդիպելով եւ սիրելով մի տղամարդու՝ Քրիստինեի մոտ առաջացել է հույս, որ կարող է փոխել կյանքը, կազմել ընտանիք, Քրիստինեն ամբողջովին գիտակցում է իր արարքը եւ ներողություն է խնդրում Սարգիսի ծնողներից կատարվածի համար, եւ եթե Վերաքննիչ դատարանը բավարարի բողոքը, ես երաշխավորում եմ, որ նման բան էլ չի կրկնվի»։

Տուժող Ծովինար Բաբայանը դատարանում պնդեց իր բողոքը. «Ես տղա չեմ պահել, մեծացրել, որ մարմնավաճառի տամ, կրակը չընկանք, որ իրեն ծեծող տաքիստի ձեռքից իմ տղեն իրեն փրկել, տարել մեքենան է նստեցրել»։

Տիկին Ծովինարը դատարանում պատմեց օրվա մանրամասները. այդ օրը Քրիստինեն հարբած մտել է ծաղկի սրահ եւ մեկ հատ սպիտակ գույնի վարդ գնել։

«Ես չէի իմանում՝ ինքը ով ա, ճիշտ ա, գիտեի, որ իմ տղեն ընկերուհի ունի, բայց ոչ թե սենց մարմնավաճառ աղջիկ ա։ Իր ուզած վարդը, որ փաթեթավորեցի, ինքը հանեց 1000 դրամ տվեց, ես իր 500 դրամը սդաչի տվեցի, բա՝ պետք չի, սենց գողական էր գնում, իբր ես էլ յանիմ հարիֆ գյուղացի էի, հետո ինձ ասում ա՝ դու մի հատ հոկտեմբերյանցի բոզ ես, սեղանիկդ պիտի քեզանից առնեմ, ուզու՞մ ես՝ հետս տանեմ տռաս կանգնես, ավելի շատ կառնես»,-պատմեց վրդովված Ծովինար Տոնոյանը։

Քրիստինեն սա ասելով հեռացել է, նստել է նստարանին, խմել, վարդի թերթերը պոկել, քիչ անց նորից է վերադարձել եւ տիկին Ծովինարին ասել, թե նա շատ կախարդ կին է եւ թուղթ ու գիր է արել, որ ինքը նրա տղայի հետ չամուսնանա։

Մեղադրյալի փաստաբանը, NEWS.am-ի հետ զրույցում անդրադառնալով տուժող կողմի անբարյացակամ վերաբերմունքին իր պաշտպանյալի հանդեպ ասաց. «Չարություն ասեմ, թե ոխ ասեմ, մեջներից դուրս չի գալիս։ Այսօր էլ տուժող կողմը պնդեց, բայց ինչի համար, երիտասարդ կին, իր խնամքի տակ ունի անչափահաս երեխա, որին տարել են մանկատուն, արդեն 9 ամիս է, ինչ ազատազրկման մեջ է, զղջացել է, ներողություն է խնդրել, տուժող կողմը՝ չէ, որ չէ, պնդում է իր ասածը»։

Դատական նիստը այսօր հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 5-ին։

news.am