Հակառակ կանխատեսումների ԲՀԿ-ից այսօր հստակ հայտարարեցին, որ մտադիր չեն որեւէ կերպ մասնակցությու ունենալ նոր ձեւավորվող կառավարությունում: Մինչդեռ Հովիկ Աբրահամյանին նոր վարչապետի պաշտոնում նշանակելու հարցում ըստ որոշ լուրերի՝ հաշվի է առնվել ընդդիմության եւ հատկապես այլընտրանք ԲՀԿ-ի գործոնն այն առումով, որ խնամիական կապերի արդյունքում ԲՀԿ-ն կամ կներգրավվի նոր ձեւավորվող կառավարությունում կամ գոնե ավելի «հնազանդ» կլինի: Ի՞նչ է կատարվում իրականում եւ արդյոք ԲՀԿ-ի համար Սահմանադրական բարեփոխումներն են օրախնդիր դարձել, որով նպատակ կա երկարացնել Սերժ Սարգսյանի իշխանությունը՝ կառավարման մոդելը փոխելով: Այս եւ նոր վարչապետի նշանակման հարցերի վերաբերյալ փորձեցինք լսել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի կարծիքը, սակայն վերջինս այսպես պատասխանեց.«Իրականում, երբ մենք խոսում ենք կուսակցությունների դիրքորոշման մասին, պիտի ստրատեգիական տեսանկյունից նայենք:
Նրանք բոլորն էլ ԿԳԲ-ի մասնաճյուղերն են, որովհետեւ Մաքսային միությանը կողմ արտահայտված ուժերը բոլորն են այդպիսին: Հիմա ինձ համար ինչ նշանակություն ունի, թե վարչապետն ու վարչապետի կողքին ով կլինեն, եթե իրենք ԿԳԲ-ի ֆիլիալներ են», ասաց ԱԻՄ առաջնորդը եւ նկատեց, որ այդ ուժերը բոլորն էլ ուզում են դառնալ Ռուսաստանի արբայնակը.«Սրանք նույն կուսակցություններն են, հո, կուսակցություններն իրարից չեն տարբերվում, թե նախրապանն ում կնշանակեն: Կուսակցություններն իրարից տարբերվում են, թե ստրատեգիական հարցերում ինք դիրքորոշում ունեն, ինչ հիմքեր: Հիմա սրանք բոլորը՝ ՄՄ-ին կողմ ուժերը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը կլինի, Սերժ Սարգսյանը, թե որեւէ մեկը՝ հարկադրյալ, թե կամավոր, կապ չունի, ես հարկադրյալ տասնութ տարի այնպիսի տեղեր եմ անցկացրել, որ իրենք չեն էլ պատկերացնում»: Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի նոր վարչապետի պաշտոնում նծանակվելու վերաբերյալ տեսակետի արտահայտմանը, ապա Պարույր Հայրիկյանը գերադասում է խոսել Հենրիխ Մխիթարյանի խփած գոլի, քան դրա մասին.«Եկեք Հենրիխ Մխիթարյանի խփած գոլի մասին խոսենք, դա ավելի կարեւոր է ու հանրօգուտ, քան սրանց կառավարությունը: Կառավարություն…» -առաջարկեց նա:
Այդուհանդերձ, անդրադառնալով ԲՀԿ-ի՝ կառավարությանը որեւէ կերպ չներգրավվելու մասին հայտարարություններին, Հայրիկյանը այսպես արձագանքեք.«ԲՀԿ-ն կարծես թե կուսակցություն է դառնում, կարծես թե նշաններ կան բիզնես միավորումից կամաց-կամաց կուսակցություն դառնալու, որովհետեւ արդեն դիրքորոշումներ է արտահայտում, բայց ի վերջո, ես չեմ տեսել, որ իրենք ՄՄ-ի դեմ խոսեն, ուրեմն ԿԳԲ-ի գործակալ են» ասում է նա, բայց չի մանրամասնում, թե ինչով է պայմանավորված ԲՀԿ-ի «բոյկոտը» իշխանություններին.«Այս ամենը ներկայացման է նման, նաեւ նույն այդ կառավորության նիստերը վաղուց թամաշա են հիշեցնում: Հիմա կողքից էլ մի ուրիշ թամաշա կպցրեցին, անունը դրեցին սահմանադրական բարեփոխումներ: Հիմա խելք ունեն, կհիշեն Հայրիկյանն ով է, կփորձեն դրանից օգտվել, չունեն, ոչխար են, ոչխարի կյանքի էլ պիտի արժանանան» եզրափակեց նա: Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է Հայրիկյանը ՄՄ-ի դեմ հանրահավաքներ է անցկացնում՝ կոչ անելով հանրային լայն զանգվածներին միանալ իրեն, մինչդեռ նրա հանրահավաքներին առավելագույնը մի քանի տասնյակ մարդ է հավաքվում:

hayeli.am