Ուժի մեջ է մտել Մոսկվայի Մեշչանի դատարանի որոշումը, որի շնորհիվ արտաքսումից խուսափում է վրաստանցի «օրենքով գող» Դմիտրի Ճանթուրիան` նույն ինքը Միրոնը, ով Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) ազգականն ու իրավահաջորդն է: ՌԴ-ից արտաքսումը կփոխարինվի 5 հազար ռուբլու տուգանքով:

Հիշեցնենք, 2014թ. փետրվարի 13-ին Միրոնը ձերբակալվել էր որպես մոտը փաստաթղթեր չունեցող անձ: Մատնահետքերի միջոցով պարզել էին, որ նրա անունն է Միրո Ամադյան, նա ՌԴ-ում գտնվում է անօրինական: Մոսկվայի Մեշչանի դատարանը որոշել էր նրան արտաքսել Ռուսաստանից, սակայն Մոսկվայի քաղաքային դատարանը չեղյալ էր հայտարարել որոշումը եւ գործը վերաքննության ուղարկել: Դա տեղի էր ունեցել այն պատճառով, որ Միրոնի փաստաբանները փաստաթղթեր էին ներկայացրել, որ իրենց պաշտպանյալը ոչ թե Ամադյանն է, այլ ՌԴ քաղաքացի Դմիտրի Ճանթուրիան:

Լրացուցիչ լսումների ընթացքում` գանգստերի ինքնության վերաբերյալ այդպես էլ համաձայնության չեն եկել: Ստացվել է, որ ՌԴ-ում միաժամանակ նույն մատնահետքերով երկու մարդ կա` Ամադյանը եւ Ճանթուրիան: Արդյունքում արդարադատության մարմինները սողոմոնյան որոշում էին ընդունել. Միրոնը մեղավոր էր ճանաչվել վարչական իրավախախտում կատարելու մեջ, որի համար կվճարի հինգ հազար ռուբլու տուգանք, սակայն նրան արտաքսման չեն դատապարտել: Միրոնը ազատ է արձակվել եւ Ռուսաստանում մնալու հնարավորություն ստացել: Սակայն, թե ով է իրականում այդ մարդը, այդպես էլ չի պարզվել:

«Օրենքով գողը» եւ միգրացիոն ծառայության նեկայացուցիչները դատավճիռը չեն բողոքարկել: Օրերս այն ուժի մեջ է մտել, հայտնում է Ռոսբալտը:

Դմիտրի Ճանթուրիան Ասլան Ուսոյանի ազգականն է: 2013 թ. վերջինիս սպանությունից հետո հենց Ճանթուրիան էր հայտարարվել Դեդ Հասանի իրավահաջորդ:

news.am