«Հայաստանին օդ ու ջրի պես պետք է Թուրքիայի հետ հարաբերությունների մի այնպիսի չափ, որը անվտանգության հարցերի հետ կապ ունի: Թուրքիան, ինչպես սկզբից, հիմա էլ մի տեսակ անկանխատեսելի է մեզ համար եւ հենց այդ պայմաններում մեզ հարկավոր է հարաբերությունների որոշակի չափ՝ գոնե նախագահների, կամ վարչապետների մակարդակով ճգնաժամային իրավիճակներում բանակցելու համար, որովհետեւ մենք նման պայմաններում դիմում ենք այլ երկրների՝ Ռուսաստան, Եվրոպա» մեզ հետ զրույցում նշեց Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքան հարաբերությունների վերաբերյալ անդրադարձին: Շիրինյանի համոզմամբ՝ սպասվող հայտարարությունն էլ այս համատեքստում է.«Հայաստանը ըստ ամենայնի առաջիկայում կհայտարարի, որ մենք կրկին ցանկանում ենք Թուրքիայի հետ փոխհարաբերության որոշակի մակարդակ եւ դա չպիտի կապել երկրորդ, երրորդ հարցերի հետ» ասում է քաղաքագետը՝ նախեւառաջ ընդգծելովով՝ Ցեղասպանության ճանաչման հարցի հետ գործընթացը չկապելու հանգամանքը.«Ի վերջո, պետք է ռեալ պոլիտիկի շրջանակում մտածենք, հատկապես, որ այդ ճանաչումները բարեյական հարթությունից այն կողմ չեն անցել: Մեր գլխավոր խնդիրն արտագաղթն է եւ Արցախի պաշտպանությունը: Ցեղասպանության ճանաչումը այս շրջանակներից դուրս հարց է: Համաշխարհային բալանսը պետք է փոխվի, իսկ ներկա վիճակում Թուրքիայի դիրքերն են կարծր»: Հիշեցնենք, որ ուրբաթ ՊՆ կատարած այցի ժամանակ ներքաղաքական այս խառը պայմաններում նախագահ Սերժ Սարգսյանը անդրադարձավ ոչ թե նոր ակառավարության ձեւավորման հարցերին, այլ անդրադարձ կատարեց հայ-թուրքական հարաբերություններին՝ հակիրճ ամփոփելով 2009-ից ի վեր սկիզբ առած գործընթացը, դրա` փակուղի մտնելու պատճառները:«Եթե որևէ մեկին թվում է կամ այն ժամանակ թվում էր, որ մենք դրա դժվարությունները չէինք գիտակցում, ապա նա խորապես սխալվում է: Մենք շատ լավ գիտակցում էինք, թե ում հետ գործ ունեինք և ինչպիսի ծանր խնդիր ենք փորձում լուծել»,- նշել էր նախագահը` հավելելով, որ գործընթացի սառեցումը ևս կանխատեսելի էր:Մեկ օր անց, վերջինիս մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը անդրադարձավ նախագահի անդրադարձին՝ նշելով, որ առաջիկա օրերին, ըստ ամենայնի, հստակություն կմտցվի սառեցված գործընթացում: «Մի քանի օրից՝ ապրիլի 24-ից, մենք մտնում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի միջոցառումների տարի. կլինեն հիշատակության, խնկարկումի, ցեղասպանությունների դեմ բարձրաձայնման, այդ չարիքի դեմ աշխարհի մարդկանց միավորելու բազմաթիվ ու բազմապիսի միջոցառումներ ողջ աշխարհով մեկ, բայց միևնույն ժամանակ կլինեն նաև քաղաքական հայտարարություններ, որոնք համահունչ կլինեն տարվա խորհրդին»,- նշել էր Արման Սաղաթելյանը: Քաղաքագետն իսկզբանէ այն կարծիքին է եղել, որ Հայաստանը հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման գործընթացում ճիշտ դիրքորոշում է ունեցել.«Մենք ուղղակի անվստահություն ունենք իշխանության հանդեպ եւ ամեն մեկս մի բան հնարում ենք եւ սկսում խոսել: Կա միջազգային հանրություն, որին պետք է հաշվի առնել, ամեն ինչ մերժելը մեր ուժերի մեջ չէ.Ուկրանիան մեզ օրինակ, որը հայտնվեց անդունդի մեջ»: Լեւոն Շիրինյանի կարծիքով՝ այդ փաստաթղթերը «տողատակեր» չունեն.«Սա չի նշանակում, որ թուրքական կողմը բան չի որոնում, նա ինչ անում է, անընդհատ ինչ-որ բան է որոնում՝ Բեռլինի կոնգրեսից սկսած՝ մինչեւ այժմ նա բոլոր փաստաթղթերը մեկնաբանում է այնպես, ինչպես ուզեցել է, որը կարելի է քաղաքական գիծ համարել, բայց ոչ իրավական», ասում է սակայն հարց բարձրացնում .«Ամեն մի հայ իրեն պետք է հաշիվ տա՝ մենք կարող ենք թուրքական հսկա զանգվածին դիմակայել, ուրեմն պետք է որոշակի հարաբերությունների մակարդակ եւ որոշակի հավասարակշռություն այլ երկրների՝ գործընթացներում ներգրավվածության առումով»:Շիրինյանը համակարծիք է նախագահի հետ նաեւ այն հարցում, որ թուրքական կողմն է ձախողել բանակցություններւ: Նշենք, որ գործընթացի վերաբերյալ նախագահը նաև նշեց, թե` «պետք է գրանցենք, որ բոլոր դեպքերում մեր գործընկերները, մեզ բարին ցանկացողներն ու աջակցողները վերջնականապես համոզվեցին, որ հայ-թուրքական հարաբերությունների բացակայության պատճառը հայկական կողմը չէ: Ինչո՞ւ է սա կարևոր, որովհետև նույնիսկ մեր բարեկամները մերթընդմերթ մեզ կշտամբում էին, թե իբր կառուցողական չենք, որ մենք նախապայմանների լեզվով ենք փորձում խոսել Թուրքիայի հետ, և այդ հարաբերությունների բացակայության մեջ մենք էլ մեր մեղքի բաժինն ունենք»:

hayeli.am