Ժամը 01:00 –ի սահմաններում Lexus մակնիշի 83 SՈ 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել ճամփեզրի երկաթբետոնի արգելապատնեշներին և կողաշրջվել հայտնվելով դեպի Աբովյան քաղաք տանող ճանապարհահատվածում:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Վթարի մասին տեղեկացվել է նաև ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից ահազանգել են ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ վթարի վայր են ժամանել նույն բաժնի օպերատիվ քննչական խումբը:

Տեղում են նաև Արտակարգ Իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի և Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցները:

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման վարչության պետ Արման Ցոլակյանը:

Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածը մինչև վթարի ենթարկվելը մասնակցելիս է եղել հարսանեկան արարողության:
Ըստ նախնական տեղեկությունների նա 21 տարեկան էր անունը Ռուբեն, ով բնակվում էր Էջմիածին քաղաքում:

Վթարի վայր են ժամանել նաև շտապօգնության մի քանի բրիգադներ, ովքեր մեծ դժվարությամբ բժշկական օգնություն էին ցուցաբերում վթարի վայր ժամանած մահացածի հարազատներին ու ընկերներին, քանի որ նրանք իմանալով վթարի մասին հարսանյաց սրահից շտապել էին դեպքի վայր:

Այս պահին վթարի վայրում աշխատում են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչները և փորձագետը:

Ոստիկանությունը պարզում է մահացած վարորդի ինքնությունը:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի