Խաչատուր Հայրապետյանը եւ կինը՝ Թերեզա Աննախասյանը, արդեն երկար տարիներ ամուսիններն են, համատեղ ամուսնությունից երեխաներ չունեն եւ ապրում են միայն իրենց ծերության թոշակով: Արդեն 4 տարի է՝ զրկված են նաեւ աղքատության նպաստից: Խաչատուր Հայրապետյանի ասելով՝ շատ է դիմել խնդրանքով, որ վերականգնեն նպաստը, սակայն մերժել են:
«Ինձ ասում են՝ աղջիկ ունեք, ով արդեն վաղուց չափահաս է եւ ի վիճակի է ձեզ պահելու, սակայն չեն ուզում հասկանալ, որ աղջիկս 5 տարուց ավելի է, ինչ լքել է այս շեմը»: Խաչատուր Հայրապետյանը պատմեց՝ Թերեզան իր երկրորդ կինն է, ումից երեխա չունի, իսկ աղջիկը՝ Օհաննան, առաջին կնոջից է, որի հետ ապրել է ընդամենը 7 տարի եւ բաժանվել է:
«Վարքը լավը չէր, դրա համար չկարողացա հանդուրժել… հիմա աղջիկս էլ է մոր նման դարձել, եւ իրանից ոչ մի տեղեկություն մինչ օրս չունեմ»,-ասում է Խաչատուրն ու սեւացած ձեռքերով սրբում տամուկ աչքերը:
«Կորցրել եմ հավատս թե Աստծո, թե մարդկության, եւ թե բարերարներ կոչվածների հանդեպ, արդեն 2 օրից ավելի հաց չեմ կերել: Կինս անկողնային հիվանդ է, դիմեցի բժշկի, փող չունեմ, խնդրեցի ասի գոնե մի դեղի անուն գրեք՝ առնեմ: Բժիշկը ասաց՝ ցավազրկող գնիր ու մի կրեմի անուն տվեց, բայց չմտապահեցի: Կնոջս հիվանդությունը կոչվում է կարմիր քամի: Չգիտեմ՝ դա ինչ է, բայց էդպես են ասում, ուժեղ ցավեր ունի ձեռքերի շրջանում: Իջա դեղատուն, խնդրեցի՝ վերցնեմ դեղը, թոշակիս վճարեմ, սակայն մերժեցին»:
Իսկ մեր՝ իրենց տանը գտնվելու պահին կինը լուռ հեկեկում էր իր ցավերի մեջ՝ դարձյալ բողոքելով եւ Աստծո, եւ մարդկության դեմ: Խաչատուրի հավաստմամբ՝ իրենց թաղամասի բոլոր խանութներում ճանաչում են եւ սովորաբար մերժում:
«Ոչ մեկն էլ ոչ մի բան չեն տալիս, չգիտեմ՝ ինչու են մեզ մերժում, մեզ չեն վստահում, բայց ես էլ եմ մարդ եւ կարող եմ գոնե ամսվա մեջ մեկ անգամ վճարեմ»,- դժգոհում է ծերունին: Ամուսինների թոշակը ընդամենը 28,000 դրամ է, իսկ Խաչատուրը երկար տարիներ՝ մոտ 42 տարի, աշխատել է Լենինականի կաթի գործարանում, այնուհետեւ գուլպա-նասկեղենի ֆաբրիկայում՝ որպես բանվոր: Նա ասում է, որ ամեն անգամ իր անցյալը հիշելիս չի հաջողվում զսպել հուզմունքը.
«Երբ աշխատում էի՝ մարդկությանը պետք էի, շատ ընկերներ, բարեկամներ ունեի, հիմա ոչ մի բան էլ չունեմ, անգամ դուռս թակող չկա: Դրա համար ձեզ տեսա, զարմացա, անկեղծ եմ ասում՝ զարմացա… այնքան երկար այս դուռը թակող չի եղել:
Ես ո՞ւմ եմ պետք, որ հյուրեր էլ ընդունեմ: Մի մարդ, ով արդեն մի քանի օր հաց չի կերել…»: Այնուհետ ծերունին էլ շարունակել չկարողացավ: Միայն վերջում , երբ պատրաստվում էինք հեռանալ, ասաց, որ դստերը կարոտել է ու խնդրեց անպայման գրել այդ մասին (միգուցե Օհաննան կարդա՞ մի օր հոր կարոտի մասին): «Աղջկաս կարոտել եմ, իմ սիրելի Օհաննային, բայց ինքը ինձ չի կարոտել, մոր մահանալուց հետո էլ իրեն չեմ տեսել, իրա մասին տեղեկություն էլ չունեմ…»:
Վերջում, երբ մեզ ճանապարհում էր, իր շնորհակալությունների հետ մեկտեղ շշնջաց. «Եթե փող ունես՝ մարդ ես, եթե չունես՝ ուրեմն…»,- ու փակեց դուռը: