Ոստիկանության Հրազդանի բաժնում, ապրիլի 20-ին, ժամը 18.35-ին, ահազանգ է ստացվել, որ Ցեմենտի գործարան տանող ճանապարհին, «ԵրԱԶ» ավտոմեքենայում, երկու տղամարդ ծեծում են մի կնոջ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից բերման է ենթարկել 51-ամյա Վազգեն Թ.-ին եւ 36-ամյա Մնացական Ա.-ին `վերջինիս պատկանող «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենայով:
53-ամյա Արմենուհի Մ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, տուն գնալու նպատակով Միկրոշրջան թաղամասում նստել է նշված ավտոմեքենան, սակայն որոշ ճանապարհ անցնելով` վարորդ Մնացական Ա.-ն եւ ուղեւոր Վազգեն Թ.-ն անհիմն վիճաբանել են իր հետ, քաշքշել, ձեռքերով հարվածել մարմնի տարբեր մասերին ու պատճառել վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: