Ֆրանսահայ դպրոցականներին այս օրերին Հայաստան բերելով մենք ցանկանում ենք, որ նրանք բոլորը հայերեն կսովորեն, տեսնեն, թե ինչ է Հայաստանը, ինչ է հայ եկեղեցին եւ ինչ է ապրիլի 24-ը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ֆրանսահայ բարերար Սարգիս Պետոյանը, որն այս տարի եւս Հայաստան էր այցելել ֆրանսահայ դպրոցականների խմբով:
Նա նշեց, որ արդեն մեկ շաբա թ է, գտնվում են Հայաստանում եւ դեռ մի քանի օր էլ մնալու են:
«Թող հայ աշակերտները ներշչվեն Հայաստանով, վերադառնան ու ավելի հպարտ զգան իրենց հայ լինելով: Հասկանան, որ պարտականություններ ունեն հայ ժողովրդի առջեւ, որ պարտք ունեն տալու»,-ասաց նա:
Նրա հետ Հայաստան ժամանակ աշակերտուհիներից մեկն ասաց, որ այս տարի առաջին անգամ է այցելում Հայաստան: «Մեր նախնիները մեր հայրենիքի համար զոհվեցին, մենք եկել ենք հարգելու նրանց հիշատակը: Ես շատ տպավորված եմ այս օրով»,-ասաց նա:
Հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ հաջորդ տարի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Հայոց ցեղասպանությունը կճանաչվի ԱՄՆ-ի եւ անգամ Թուրքիայի կողմից, Սարգիս Պետոյանը պատասխանեց. «Ցեղասպանությունը ճաչանելու համար ողջ Սփյուռքն ու Հայաստանն է աշխատում: Ֆրանսիայում օրենքներ ընդունվեցին, հիմա էլ ցեղասպանությունների ժխտման քրեականացման օրենքը պիտի քննարկվի: Հայ ժողովուրդը ամուր է կանգնած եւ պայքարում է Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Պատահական չէ, որ Ֆրանսիան Եվրոպայում առաջին երկրներից մեկն է, ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող օրենք է ընդունում»: Նա նաեւ հույս հայտնեց, որ հաջորդ տարի էլ ավելի մեծ թվով հայ դպրոցականներ կբերի Հայաստան: