Քալիֆորնիայից Հավայան կղզիներ թռչող Boing 767 ինքնաթիռի շասսիում թաքնված 16-ամյա տղան հնարավոր է կենդանի է մնացել այն պատճառով, որ ընկել է մի վիճակի մեջ, որն ինչ-որ բանով հիշեցնում է ձմեռային քունը, hաղորդում է NewsMax Health-ը: Հնարավոր է, որ նման վիճակի պատճառ է դարձել կյանքին սպառնացող ցածր ջերմաստիճանը:
«Ուղղակի շշմեցուցիչ է, թե ինչպես է նա ողջ մնացել, – ասել է ԱՄՆ ավիացիայի եւ տիեզերագնացության թանգարանի վարիչ Ռոջեր Քոննորը, – նա երջանիկ պատահականությամբ է փրկվել: Այդպիսի բան տեղի է ունենում հարյուրից մեկ անգամ»: Ըստ նրա, մարդկանց մեծամասնությունը 1000 մետր բարձրության վրա, -62°C ջերմաստիճանի եւ թթվածնի ցածր պարունակությամբ օդում նույնիսկ մի քանի րոպե չի կարողանա գոյատեւել:
«Հնարավոր է, ցուրտը դանդաղեցրել է օրգանիզմում տեղի ունեցող գործընթացները եւ կանխարգելել է մահը, – ասել է նա NBC News-ին: – Դա նման է այն բանին, թե մարդիկ ինչպես են ողջ մնում սառցաջրի մեջ ընկղմվելուց հետո. դա նման է ձմեռային քնի վիճակին»: Քալիֆորնիայի Սանտա-Կլարայից փախստականը հանդիսանում է այն 25 մարդկանցից մեկը, որոնք 1947 թ-ից սկսած կենդանի են մնացել նման ճանապարհորդությունից հետո: Ըստ ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի ֆեդերալ կառավարության տվյալների՝ ավելի քան 100 մարդիկ փորձել են նմանատիպ թռիչքներ կատարել:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ամերիկացի դեռահասն ԱՄՆ Քալիֆորնիա նահանգից թռիչք է կատարել Հավայան կղզիներ՝ թաքնվելով ուղեւորատար ինքնաթիռի շասսիի համար նախատեսված հատվածում: Ինքնաթիռն օդում է գտնվել 5 եւ կես ժամ եւ վայրէջք է կատարել Մաուի կղզու վրա, ինչից հետո դեռահասը դուրս է թռել թռիչքուղու վրա, որտեղ եւ ձերբակալվել է օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Հետախուզության Դաշնային Բյուրոյի ներկայացուցիչները հարցաքննել են տղային եւ առանց մեղադրանքներ ներկայացնելու ազատ են արձակել:
Դեռահասը Քալիֆորնիայից Հավայան կղզիներ է թռել` թաքնվելով շասսիի համար նախատեսված խցում