Ի՞նչ է բացահայտվել այս ընթացքում և, ի վերջո, ինչ քայլեր է իրականացրել Ազգային անվտանգության ծառայությունը հերոինի արմատները փնտրելու համար՝ անհայտ է: ԱԱԾ-ն լռում է: Փոխարենը հայտնի են հերոինի գները` 1 գրամի արժեքը տատանվում է 100-200 ԱՄՆ դոլարի շրջանակներում: Այդ հաշվարկով հայտնաբերված մոտ 1 տոննա հերոինի արժեքը կազմում է շուրջ 100-200 միլիոն ԱՄՆ դոլար: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2014թ. հունվարի 17-ին: Այս պատմությունը աննախադեպ էր այնքանով, որ նման քանակի հերոին ոչ միայն Հայաստանի մաքսային ծառայության գործունեության ողջ ընթացքում, այլև տարածաշրջանում արձանագրված հայտնաբերումների առումով երբևէ չի եղել: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլիի բեռնատարը դատարկ վիճակում մուտք է գործել՝ Իրանից Վրաստան տարանցիկ փոխադրում կատարելու նպատակով: Արդյունքում՝ ինչ -ինչ հանգամանքներում, Մեղրիի մաքսատան բաժանմունքի աշխատակիցները զննության էին ենթարկել մեքենան և բեռնատարին ամրակցված կցորդի հատակի թաքստոցից հայտնաբերել հերոին թմրամիջոցով լցված 47 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը կազմել է 927,6 կիլոգրամ: Փաստի առթիվ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Սույն գործով կալանքի տակ այժմ գտնվում են բեռնատարի վարորդը և ենթադրյալ կազմակերպիչ` Թուրքիայի քաղաքացի Օսման Ուգուրլուն: Նկատենք, որ այս ամիսների ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունը որևէ նորություն չի հրապարակել, թե ի՞նչ փուլում է գտնվում հարուցված քրեական գործը, ի՞նչ աշխատանքներ են տարվել, կա՞ն արդյոք բացահայտումներ, թե՞ քննությունը սահմանափակված է միայն կալանավորվածների շրջանակով, ի՞նչ եղավ մեկ տոննա հերոինի հետ, պահպանվում է, թե ոչնչացվել է: Այս հարցերի շուրջ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ով ժամանակին զբաղվել է Ազգային անվտանգության համակարգային խնդիրներով, կարծիք հայտնեց, թե եղել են դեպքեր, որ այսպիսի քրեական գործերի քննությունը տևել է 1 տարուց ավելի. «Չգիտեմ, թե Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը կամ ՀՀ դատախազությունը ինչքանով է խառնված այս գործը մինչև վերջ ճշտելու կամ քննելու, բայց դեպքեր էլ կան, որ այսպիսի գործերի քննությունը տևել է մոտավորապես 6 ամիս: Այստեղ խնդիրն այն է, որ Ազգային անվտանգության ծառայությունն այսպիսի լուրջ գործերով գոնե 2-3 ամիսը մեկ պետք է տեղեկություն հրապարակի, որ, ենթադրենք, գործի քննությունը շարունակվում է, դիմել են այստեղ կամ այնտեղ: Չեմ ասում, որ նախաքննության գաղտնիք հրապարակեն, բայց պետք է հասարակությանը տեղեկություն տրամադրեն, որ մարդկանց մոտ հարցեր չառաջանան: Ինչևէ, այդ տարրական տեղակատվական իրավական կուլտուրան չկա»,-ասաց Արամ Կարապետյանը կարծիք հայտնելով, որ, օրինակ, ոստիկանությունն այս առունով բավականին ակտիվ է: Արամ Կարապետյանը չբացառեց նաև, որ ԱԱԾ այս լռությունը, միգուցե, միտում ունի գործը մոռացության տալու: Իսկ մեր այն հարցին, թե երբ գործի քննությունն ավարտվի, ի վերջո, ինչ ճակատագիր է սպասվում բռնագրավված հերոինի խմբաքանակին, Արամ Կարապետյանն ասաց.«Համապատասխան հանձնաժողով է կազմվում տարբեր իրավապահ մարմինների ներկայացուցիչներից և ընթերականների ներկայությամբ հերիոնը կամ, ընդհանրապես, թմրամիջոցները այրում են»: Ըստ Ա. Կարապետյանի՝ ազգային անվտանգության ծառայությունը, լինելով Խորհրդային Միության ԿԳԲ-ի հետնորդ, փակ է իրեն պահում` դա համարելով լրջության դրսևորում. «Այսինքն՝ ինչքան փակված լինես, այդքան լուրջ կերևաս, բայց ղեկավարների պահվածքն այդ մասին չի խոսում: Օրինակ՝ երբ քաղաքացուն վիրավորում են»: «Ժողովուրդ»-ը փորձեց նաև ԱԱԾ տեղեկատվական կենտրոնից պարզել, թե ի՞նչ փուլում է գտնվում գործը: ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը միայն հայտնեց, որ գործով նախաքննությունը շարունակվում է: Իսկ հերոինի վերաբերյալ, ԱԱԾ-ի՝ մեզ մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ հերոինը գտնվում է ԱԱԾ հատուկ պահպանվող տարածքում և այս գործով դատավճիռը հարապարակվելուց հետո միայն այն կոչնչացվի: Իսկ թե որքանո՞վ է հավաստի, որ շուրջ 927 կգ հերոինը պահպանվում է և դեռ մինչ այս գործի դատավճիռը կշարունակի անկորուստ մնալ իր տեղում, պարզ չէ:
Ի՞նչ եղավ Մեղրիում բռնագրավված 1 միլիարդ դոլարի հերոինը…
|
Կիսվել
Comments are closed.