Ռոբերտ Քոչարյանի հերթական հարցազրույցը, որը հրապարակվեց «2-րդ նախագահի ոչ պաշտոնական կայք» վերտառությունը կրող 2-rd.am կայքում 2014թ. ապրիլի 22-ին, պարունակում է մի շարք շեշտադրումներ և ուղերձներ, որոնք էական դերակատարում և ազդեցության կարող են ունենալ Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումների վրա։ Հարցազրույցը, ըստ էության, կենտրոնացած էր երեք հետևյալ խնդիրների վրա. Առաջարկվող սահմանադրական փոփոխությունների իրական նպատակների խնդիրը
Հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը միանշանակորեն մերժում է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունն ու արդիականությանը նշելով. «Ինչքանո՞վ է Սահմանադրությունը խանգարում իշխանություններին՝ համարժեք արձագանքել առաջ եկող մարտահրավերներին։ Կարող եմ վստահորեն ասել, որ չկա երկրի աոջև ծառացած ոչ մի կենսական խնդիր, որի լուծմանը խոչընդոտի գործող Սահմանադրությունը»։ Ըստ նրա այդ փոփոխությունները բացարձակապես հասունացած չեն, չկա դրանց ոչ հասարակական պահանջարկը, ոչ դրա վերաբերյալ որևէ արտաքին պարտավորություն, այնպես որ «բարեփոխման նախաձեռնությունը բխում է բացառապես իշխանություններից»։ Ընդ որում՝ առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ իշխանությունների փաստարկները Քոչարյանը որակում է իբրև «անհամոզիչ» և «ծայրահեղ հեղհեղուկ» իսկ այդ փոփոխությունների իրական նպատակները «լուրջ կասկածներ առաջացնող»։ Ավելին, հիմնավորելով այդ կասկածները նա բավականին անթաքույց կերպով իշխանություններին մեղադրում է սեփական իշխանությունը հավերժացնելու մտադրության մեջ և դատապարտում է այդ փորձը. «Սահմանադրության ցանկացած վերաձևում հանուն քաղաքական գործիչների ընթացիկ շահերի՝ երկրի քաղաքական դեգրադացման նշանն է։ …Սահմանադրությունները չեն ստեղծվել կառավարողների իշխանությունը հավերժացնելու համար, ճիշտ հակառակր»։
Քոչարյանի՝ երրորդ ժամկետով նախագահելու հավանականության խնդիրը
Քոչարյանն անդրադառնամ է սահմանադրական փոփոխությունների առաջարկվող փաթեթը ներկայացնելիս Սերժ Սարգսյանի հնչեցրած կարծիքին այն մասին, թե որևէ մեկը չպետք է հավակնի երկրի ղեկավարի պաշտոնում պաշտոնավարել երկու ժամկետից ավելի։. Հայտնի է, որ այդպիսի հավակնություններ տեսականորեն կարող են դրսևորվել խիստ սահմանափակ թվով անձինք, երեք հոգի, որոնցից մեկը Սերժ Սարգսյանը, հենց հայտարարության հեղինակն է, մյուսը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը, շուրջ մեկ տարի առաջ է հայտարարել, որ իր տարիքում այլևս նպատակահարմար չի համարում թեկնածու առաջադրվել նախագահի ընտրություններում։ Ուստիև զարմանալի չէ, որ Սարգսյանի այս հայտարարությունը փորձագիտական շրջանակների կողմից ընկալվել էր իբրև իշխանությունը վերադարձնել չփորձելու կոչ՝ ուղղված այդ անձանցից երրորդին՝ հենց Ռոբերտ Քոչարյանին։ Պատասխանելով Սարգսյանի այս առաջարկին՝ իր հարցազրույցում Քոչարյանն ասում է. «Դրա համար Սահմանադրությունը վերաձևելու կարիք չկա… Պետք է ընդամենը հանել «անընդմեջ» բառը գործող Սահմանադրության 50-րդ հոդվածից։ Ընդամենը մեկ բառ»։ Եվ շտապում է ընդգծել. «Սակայն այդ լրացումը հետադարձ ուժ ունենալ չի կարող և այդպիսով ներկա քաղաքական լանդշաֆտի վրա ոչ մի կերպ չի ազդի»։ Ըստ էության սա նշանակում է, որ ինքը չի ընդունում Սարգսյանի նշյալ առաջարկը, և անգամ եթե առաջարկվող սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչվեն, դա որևէ կերպ չի կարող սահմանափակել իր ևս մեկ անգամ երկրի ղեկին կանգնելու իրավունքն ու հնարավորությունը։ Ավելի կոնկրետ հավակնություններ այս պահին հստակ չեն արտահայտվում, բայց իրավունք վերապահվում է։
Սերժ Սարգսյանի և նրա քաղաքական թիմի հետագա պաշտոնավարության խնդիրը
Քոչարյանը հայտարարում է, որ անհրաժեշտ են միանշանակ երաշխիքներ առ այն, որ բարեփոխումն ուղղված չէ կառավարող էլիտայի շահերի սպասարկմանը և չի դառնա դրա վերարտադրման գործիք զուգահեռաբար նետելով, «իմիջիայլոց, ես իմ խոսքի տերը եղա և հեռացա իշխանությունից չկառչելով որևէ պաշտոնից»։ Հիշենք, իր հայտնի ելույթում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ չի հավակնի նախագահի պաշտոնին ոչ մի դեպքում և վարչապետի պաշտոնին առաջարկվող սահմանադրական մոդելում (): Իր ապագա «հրաժարումների» շարքում, սակայն, Սարգսյանը չէր խոսել գործող սահմանադրական մոդելում վարչապետ չդառնալու պատրաստակամության վերաբերյալ, ինչն էլ նման փոխզիջումային հանգուցալուծումը դարձնում էր Սարգսյանի կողմից առնվազն չբացառվող։ Եվ այժմ, փաստորեն, Քոչարյանը հանդես է գալիս պատասխան կոչով (առաջարկով, պայմանով, պահանջով) հետևել իր օրինակին և չհավակնել ոչ նախագահի և ոչ էլ վարչապետի պաշտոններին ոչ գործող Սահմանադրության պայմաններում, ոչ առաջարկվող փոփոխությունների ընդունման դեպքում։ Այսպիսով, Քոչարյանը թափանցիկ ակնարկում է, որ իր համար իրադարձությունների զարգացման միակ ընդունելի տարբերակը խաղից Սերժ Սարգսյանի դուրս գալն Է։ Ի հավաստումն սրա իր հարցազրույցի վերջում Ռոբերտ Քոչարյանը հանդես է զալիս բավականին կոշտ գնահատականով ափսոսանք հայտնելով, որ երկրի ճակատագրով իր անկեղծ մտահոգությունը Սերժ Սարգսյանը չի տարբերել «իշխանությունների գործունեության ողբալի արդյունքների վրա չարախնդալուց»։ Մանրամասները «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

hayeli.am