Հանձնարարականի մեջ մասնավորապես ասվում է. «Պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կերպով մասնակցում են 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված քաղաքացիները: Բացի դրանից համաձայն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի՝ նրանք պխարտավոր են կատարել ամսական կուտակային վճար: Այս պահանջը գործում է մինչեւ սեպտեմբերի 30-ը: Ամբողջությամբ գործում է նաեւ օրենքի 76-րդ հոդվածը: ՀՀ կառավարությունը փաստում է, որ նման հստակության պայմաններում մտացածին հակասություններ եւ տարընթերցումներ առաջացնելը, պայմանավորված է միանգամայն այլ շարժառիթներով:

Իսկ ներկայումս կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցելու «կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծի մշակմանը»:

Մեր տեղեկություններով՝ ապրիլի 26-ին մանկավարժներն ու դաստիարակները հավաքվելու են ԿԳՆ շենքի մոտ՝ պահանջելու կատարել Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ պարտադիր 5% վճարները չգանձելու մասին որոշումը:

Նշենք, որ Սահմանադրական դատարանի՝ կուտակայինի որոշ դրույթներ հակասահմանադրական ճանաչելու հաջորդ օրը՝ ապրիլի 3-ին, Հայաստանի արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում հայտարարեց, որ օրենքն անփոփոխ է մնում եւ մինչեւ սեպտեմբերի 30-ը գանձվելու է 5% պարտադիր վճարները: Վարչապետ նշանակվելուց ընդամենը օրեր անց, սակայն, Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ պարտադիր բաղադրիչը դե ֆակտո կասեցվում է: Ապրիլի 28-ին կառավարության նախագիծը ներկայացվելու է խորհրդարանին:

news.am