Ըստ մեղադրանքի՝ 28-ամյա արթիկցի, նախկին ոստիկան Էդգար Վարագյանը 2013 թվականի սեպտեմբերի 22-ին կոտրել է Նորքում բնակվող Քրիստինեի (անունը փոխված է) տան պատուհանի ապակին, դիմակավորված մուտք է գործել տուն, իր մոտ եղած, որպես զենք օգտագործված խաղալիք ատրճանակով ու իսկական դանակով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հարձակվել է Քրիստինեի ու նրա անչափահաս դստեր՝ 2000 թվականի նոյեմբերին ծնված Կարինայի (անունը փոխված է) վրա:

Տուժողների հնարավոր դիմադրությունը կանխելու համար Էդգար Վարագյանը պատիճավոր պղպեղի լուծամզվածք է փչել նրանց դեմքերին, ինչից նրանց աչքերը մռմռացել են:

Էդգարը Քրիստինեի ձեռքերը կապել է ձեռնաշղթայով, իսկ Կարինայի ձեռքերը՝ կպչուն ժապավենով ու պահանջել է տանը եղած ոսկեղենն ու 5 հազար դոլար:

Վարագյանը ավազակային հարձակմամբ հափշտակել է 4 միլիոն 127 հազար 396 դրամի գույք՝ 7900 դոլար արժողության 5 անուն ոսկե զարդեր, 186 հազար դրամ, 100 դոլար, 220 հազար դրամ արժողության «Սոնի» հեռուստացույց, 61 հազար դրամ արժողության բարձրախոս, 1000 դոլար արժողության կաշվե ճամպրուկ:

Այսքանով չբավարարվելով՝ Էդգար Վարագյանը, ըստ մեղադրանքի, արդեն հիշատակված ատրճանակի ու դանակի գործադրմամբ Քրիստինեին ու նրա դստերը հարկադրաբար տեղավորել է նրանց իսկ ավտոմեքենայի բեռնախցիկում, առանց հափշտակելու նպատակի ապօրինաբար տիրացել է այդ ավտոմեքենային՝ բացահայտ առևանգելով տուժողներին:

Վարագյանը նրանց տեղափոխել է Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի մերձակա ամայի դաշտային տարածք, բեռնախցից դուրս է բերել Քրիստինեին, դանակի ու ատրճանակի սպառնալիքով նրա նկատմամբ կատարել է բռնի սեքսուալ գործողություն, ապա կնոջ կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:

Այնուհետև Վարագյանը բեռնախցից հանել է նաև Կարինային, մորն ու դստերը թողել է ամայի դաշտում, իսկ ինքը նրանց մեքենայով հեռացել է՝ հետագայում մեքենան թողնելով Երևանի Քանաքեռ թաղամասում:

Էդգար Վարագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով, 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ, 131 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետերով և 139 հոդվածի 1-ին մասով:

Նախագահողը որոշել է, որ դռնփակ կարգով կքննվի գործի այն մասը, որը վերաբերում է տուժողի սեռական անձեռնմխելիությանը:

Գործի մնացած մասը քննվում է դռնբաց պայմաններում:

Այսօր հարցաքննվեցին դատարան ներկայացած վկաները:

Գևորգ Ավագյանը հայտնեց, որ ճանաչում է տուժող կնոջը, տեսել է իր հողամասի մոտ՝ Ջրվեժում: Հողամասը սահմանակից է Ձորաղբյուրին:

Վկան հողամասում է լինում մոր հետ: Շուն ունի՝ դոբերման: Սեպտեմբերի 22-ի առավոտյան շուտ՝ ժամը յոթի սահմաններում, շանը դուրս է հանել ու ձայն տվել հարևանին, որ միասին սուրճ խմեն: Տեսել է, որ մի կին երեխայի հետ, այլայլված՝ փողոցով իջնում է ներքև: Դրանից առաջ վկան մի անգամ էլ է փողոց դուրս եկել ու փողոցի վերևում «Մերսեդես» է տեսել կանգնած: Այդ ամայի տեղում շատ մեքենաներ են կանգնում, դրա համար էլ առանձնապես չի հետաքրքրվել: Հետո տեսել է, որ մեքենան դուրս է եկել ճանապարհ, հեռացել է, մեքենայի համարները չի տեսել:

Տուժողները՝ մայր ու աղջիկ, եղել են տան շորերով, լացած: Վկան նույնիսկ կասկածել է, թե կինը հոգեկան հիվանդ է, նա հեռվից կանչում էր՝ մի րոպե, մի րոպե, խնդրում ենք օգնեք:

Հետո տուժողը վկային պատմել է, որ մեքենայի բեռնախցիկով իրեն ու երեխային բերել են, իրենք Նորքից են: Ասել է. «Մեր տուն գողություն արած են, մեզ առևանգած են: Մեզ քաղաք հասցրեք»: Վկան մեքենա չի ունեցել, նա ընդամենը զանգել է մեկ-զրո երկու: Քանի որ կինը վախեցած, այլայլված էր, վկան է տեղը բացատրել ոստիկաններին, նկարագրել է:

Ներս է տարել կնոջն ու երեխային: Վկայի մայրը տուժողներին առաջարկել է լվացվել: Նրանք ասել են, որ իրենց աչքերին գազ են փչել, դրա համար աչքերը մղկտում են: «Կինը դեմքը փակեց, սկսեց լացելը, իմացա, որ բռնաբարել են… Մայրս առաջարկեց՝ թե նստեք, ինքը ասաց՝ չեմ կարող, հասկացա՝ բռնաբարված է: Երեխան էլ էր լացած: Մեր վերևում ապրողներ կային, «Մերսեդես» ունեին: Մեքենան տեսնելով՝ մտածեցի՝ երևի իրանք են… Ես էրեխու ձեն էլ եմ լսել, դմբոց էլ՝ երկաթի դմբոց էր, ոնց որ ձեռքերով խփես դռանը… Էրեխեն «մամա» էր գոռում, բայց չմոտեցա՝ կարծելով, թե գիժ հարևաններս են…»,- ասաց վկան:

Ահազանգով ժամանած ոստիկաններին տուժողն ասել է, թե հանցագործը դիմակով է եղել, բայց կապույտ կամ չախկալ աչքեր ուներ…

Վկա Լենա Թ.-ն տուժողի գործընկերուհին է:

Սեպտեմբերի 22-ի առավոտյան տուժողը հեռախոսով վկային ասել է իր հետ կատարվածը: Վկան գնացել է տուժողի տուն, տեսել, որ տունը խառնված է, պատուհանը՝ ջարդված: Հեռուստացույցը չկար: Տուժողն ասել է, որ հեռուստացույցը և փող են գողացել: Վկան դրանից մեկ օր առաջ էլ էր եղել տուժողի տանը, տեսել էր արծաթագույն հեռուստացույցը:

Վկա Ռադիկը ամբաստանյալի ծանոթներից է:

Էդգարին վարձով տվել է հանրապետությունից բացակայող հարևանի տունը՝ վերջինիս խնդրանքով:

Երբ Էդգարը բռնվել է, խուզարկություն է կատարվել այդ տանը, վկան ներկա է եղել. «Խաղալիք ատրճանակ գտան, ինչ-որ շորեր, կոշիկ…»:

Ըստ վկայի՝ տունը դատարկ է եղել, երբ Էդգարին հանձնել է վարձով:

Խուզարկության ժամանակ հայտնաբերված «բատարեյ»՝ լապտեր, վկան չհիշեց: Ասաց, թե տրուբի կտոր է տեսել:

Ամբաստանյալ Վարագյանը փորձեց նրան հիշեցնել. «Տրուբի կտոր ասելով՝ կլարնետը երևի նկատի ունեք»: Բացատրեց, որ ինքը երաժշտությամբ էլ է զբաղվել, կլարնետներ ունի: «Հա, տենց կլարնետ ես չէի տեսել»,- ասաց վկան: Բայց թե խուզարկության ժամանակ տեսած տրուբեն կլարնետ էր, թե չէ, չկարողացավ ասել: Սեպտեմբերի քսանչորսին էր կատարվել խուզարկությունը:

Նախաքննական ցուցմունքում վկան ասել է, թե խուզարկության ժամանակ ոստիկանները տարբեր իրեր են գտել, այդ թվում՝ սև գույնի մեծ «բատարեյ»: Եվ Էդգարը հայտարարել է, թե «բատարեյն» իրենը չէ:

«Մոտավորապես սևի գույնի էր, իմ հիշելով՝ ոչ թե բատարեյ էր, այլ տրուբի կտոր»,- ասաց վկան: Նա հայտնեց նաև, որ խուզարկության ժամանակ հայտնաբերված ատրճանակն ակնհայտորեն խաղալիք էր, ինքը տեսել ու ասել է՝ էս խաղալի՞քն ինչ գործ ունի ստեղ:

Վկան ասաց, թե նախաքննական ցուցմունքը գրել է քննիչը, ինքն այն չի կարդացել, ստորագրել է:

Դատարանը որոշում կայացրեց բերման ենթարկել դատարան չներկայացող վկա Չթեյանին:

Նախագահողը հրապարակեց «Նուբարաշեն» ՔԿՀ պետի հաղորդումը, ըստ որի՝ կալանավայրի խցում վիճաբանել են կալանավորները, Էդգար Վարագյանը դուրս է բերվել խցից ու հայտարարել, թե խցակիցներ Կարապետյանը և Ստեփանյանը ծեծել են իրեն:

«Ես ծեծի չեմ ենթարկվել»,- հայտարարեց ամբաստանյալ Էդգար Վարագյանը:

Պաշտպան Աննա Թամազյանը հայտնեց, թե նախորդ օրն անձամբ զրուցել է ՔԿՀ պետի հետ: «Վարագյանի խցակից Դանիել Կարապետյանն էլ է իմ պաշտպանյալը: Ուղղակի վիճաբանություն է եղել, ծեծ չի եղել: Խցակիցներն արդեն հաշտվել են: Վիճաբանությունն այս քրեական գործին չի վերաբերել»,- ասաց պաշտպանը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 15-ին:

1in.am