«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Զարմանալի է, թե ինչպես է մեր աչքի առաջ փյունիկի պես վերածնվում «Օրինաց երկիրը»։ Արդեն լրիվ թունդ ընդդիմություն է։ Ընդամենը մի քանի օրում ՀՀԿ-ի կցորդ ու ՀՀԿ-ի որոշումների կոճակ սեղմող ուժից այն վերածվել է ընդդիմության։ Ինչպես «Գտնված երազը» մուլտֆիլմի հերոսն էր ասում՝ ինչ-որ բան այն չէ։ Մի կողմից՝ Արթուր Բաղդասարյանն է, որը 250 հազար դրամ աշխատավարձից նեղված կոնյակի գործարան է սարքում, հիմա էլ հեռուստաընկերություն է բացում, երեկ էլ պարզվեց, որ ՕԵԿ-ը նաեւ թերթ է հրատարակելու, ընդ որում՝ 10 հազար տպաքանակով, ինչը, իհարկե, ուրախացրել է մակուլատուրայի գործով զբաղվողներին։
Իսկ երեկ ԱԺ հայտարարությունների ժամին «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, թե իրենց համար օրակարգային է լինելու սնկի պես աճող անարդարությունների դեմ պայքարը։ Ահա այդպես։ Վեց տարվա նիրհից հետո ՕԵԿ-ը հայտնաբերել է, որ օրեցօր աճող սուպերմարկետների պատճառով ամեն օր փոքր ու միջին խանութներ են փակվում։ «Արդյունքում՝ աշխատատեղերը ոչ թե ավելանում են, այլ պակասում՝ դառնալով արտագաղթի ծավալների ավելացման պատճառ»։
Մենք ուղղակի հիշեցնենք, որ սուպերմարկետների մի մասը ԱԺ պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանն է բացում, որի հետ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը քույր ու եղբայր հարաբերությունների մեջ է։ Հետեւաբար, եթե պայքարեն սուպերմարկետների դեմ, կստացվի, որ իրենց եղբոր դեմ են պայքարում։ Եվ հետո, Փակ շուկայի շուրջ տեւական ժամանակ պայքար գնաց, որեւէ մեկը որեւէ ՕԵԿ-ականի տեսե՞լ է պայքարողների թվում։
«Մենք անընդունելի ենք համարում մեծահարուստներին շքեղության հարկից ազատելու գաղափարախոսությունը։ Ավելին, շքեղ, 25 միլիոն դրամից ավել արժողությամբ մեքենաներ ունեցողները շքեղության հարկ պետք է վճարեն ոչ միայն մեքենաների, այլ նաեւ՝ իրենց շքեղ առանձնատների եւ թանկարժեք վիլլաների համար», սա էլ է ՕԵԿ-ի պատգամավորը հայտարարել։
Զարմանալի է, բայց այդ մեծահարուստներից մեկը նաեւ Արթուր Բաղդասարյանն է։ Գործարան ունի, հեռուստաընկերություն, շքեղ առանձնատուն… սա այն է, ինչ մենք պաշտոնապես գիտենք։ Ենթադրում ենք, որ նրա ոչ պաշտոնական կապիտալը ավելի շատ է»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում
Աղբյուր՝ hayeli.am