Սերժ Սարգսյանը կադրային վերջին նշանակումներով եւս մեկ անգամ ապացուցեց, որ իր գլխավորած քաղաքական թիմի առաջ դրված խնդիրները ամենեւին կապ չունեն շարքային քաղաքացու պահանջների հետ, որ իրենք անհաղորդ ու անտարբեր են հասարակության լայն զանգվածների պահանջներին՝ ռեալ քայլեր ձեռնարկել երկրում իրավիճակ փոխելու ուղղությամբ, այլ ոչ թե իմիտացիոն բնույթի եւ միայն սեփական տեղը եւ կլանաօլիգարխիկ մերձավոր շրջապատի դիրքերն ամրապնդելու ուղղությամբ աշխատանքներ տանել:

Այլապես, ինչ հետեւություններ անել կամ ինչ անունով կոչել Սերժ Սարգսյանի որոշումը՝ ՊԵԿ-ը միացնել ֆինանսների նախարարությանը, իսկ միավորված կառույցների ղեկավար նշանակել օլիգարխի համբավ ունեցող Գագիկ Խաչատրյանին:

Բազմաթիվ հրապարակումներ են եղել Գագիկ Խաչատրյանի պատկառելի կարողության վերաբերյալ, բազմիցս առաջարկ է արվել՝ նրա ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասով վարույթ հարուցել, հրապարակումներում նշված փաստերի իսկությունը պարզել, բայց ապարդյուն… Հիշյալ պաշտոնյան մշտապես կարողացել է սպրդել, իսկ համապատասխան մարմինները իհարկե լռել են, քանի որ հստակ հանձնարարական չի էլ իջեցվել գնալ հրապարակումների հետքերով:

Փոխարենը Գագիկ Խաչատրյանը անմնացորդ ծառայել է ռեժիմին: Նրա գործն իհարկե միայն հարկահավաքությունը չի եղել, թեեւ այդ առումով եւս Սերժ Սարգսյանը դժգոհելու առիթ կարծես թե չուներ նրանից: Նախորդ տարի էր, երբ ՊԵԿ այցելության ժամանակ Սերժ Սարգսյանը գովեստի խոսքեր շռայլեց Գագիկ Խաչատրյանի հասցեին:

«Բոլորս հիշում ենք, թե ինչպես էին շատերը խոսում, որ անհնար է մեկ տարվա ընթացքում եկամուտներն ավելացնել 101 մլրդ դրամով: Բայց, փառք Աստծո, նաև այս անգամ այդ փլուզում գուժող մարդկանց ասածները չիրականացան, և դուք կարողացաք կատարել այդ ցուցանիշը:

1

1

Անկեղծ ասած, ես խիստ բավարարված եմ այն աշխատանքով, որ կատարվել է: Եվ սա ասում եմ ոչ թե նրա համար, որպեսզի դուք ձեր աշխատանքի տեմպը դանդաղեցնեք, այլ նրա համար, որպեսզի ուրիշների համար սա լինի որպես օրինակ: Ես, իրոք, շատ ուրախ կլինեմ, եթե մեր պետական կառավարման համակարգում ձեր արածի գոնե 80 տոկոսն արվեր՝ այս ամբողջ պրոցեսները ժամանակակից հիմքերի վրա դնելու առումով»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Չնայած միշտ չէ, որ Խաչատրյանի գործերը հարթ են ընթացել, թերեւս շատերին է հայտնի, որ նա լուրջ հակասությունների մեջ էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, սակայն այդ հանգամանքը չխանգարեց Խաչատրյանին: Ավելին, Սերժ Սարգսյանը ավելի շուտ Տիգրան Սարգսյանին «զոհաբերեց», քան Գագիկ Խաչատրյանին` վերջինիս լիազորություններն ընդլայնելով:

ՊԵԿ-ի եւ ֆիննախի միացման եւ այդ միացյալ կառույցի ղեկավարի պաշտոնին Գագիկ Խաչատրյանի նշանակման ողջ անհեթեթությունը կարելի է ցույց տալ ընդամենը մեկ օրինակով:

Ընդամենը հարկ է հիշել, որ ֆինանսների նախարարությունը մի քանի ամիս Գագիկ Խաչատրյանին լուրջ մեղադրանք էր ներկայացրել…

Տարեսկզբին ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը հանդես եկավ ուշագրավ հայտարարությամբ: Լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ 2013 թվականի ընթացքում ֆիննախի ֆինանսական վերահսկողության տեսչությունը ստուգումներ է իրականացրել ՊԵԿ-ի ընդամենը երկու ստորաբաժանումներում եւ պարզել է, որ կառույցի ոչ բարեխիղճ աշխատանքի հետևանքով պետբյուջեին հասցվել է մոտ 600 միլիոն դրամի վնաս: Պարզ ասած՝ ՊԵԿ-ը պետք է հավաքագրեր այդքան հարկ, որը չի կատարել: Եվ սա ընդամենը ՊԵԿ 2 ստորաբաժանման ստուգման արդյունքներն էին:

Ցանկացած նորմալ երկրում նման մեղադրանքը չէր կարող լոկ օդում արձակված կրակոց լինել: Պատժամիջոցներ ձեռնարկելը պետք է որ լիներ առաջին ադեկվատ գործողությունը՝ անբարեխիղճ պաշտոնյաներին համակարգից մեկուսացնելու համար: Վերջին հաշվով, ֆիննախի մեղադրանքը առնչվում էր մի կառույցի, որի առաքելությունը բյուջե փող մուտքագրելն է, այլ ոչ թե թաքցնելը…

ՊԵԿ-ը, ի պատասխան ֆիննախի հայտարարության, հարկ համարեց արձագանքել, թե տարածված տեղեկատվության մեջ ներկայացված փաստերը չեն արտացոլում իրականությունը:

Ֆիննախից էլ շարունակեցին հաթաթաները, ՊԵԿ արձագանքը համարելով անտեղի արդարացումներ՝ պնդեցին, թե չի բացառվում, որ նոր ստուգումներ իրականացնեն.

«Արձանագրված խախտումը հնարավոր է, որ կրի համակարգային բնույթ։ Խնդիրը ներկայացվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի իրականացվեն համալիր միջոցառումներ։ Մենք պետք է նախ հնարավորություն տանք պետական մարմնին լուծելու խնդիրը։ Վերջիվերջո, խախտումներ արձանագրելը ինքնանպատակ չէ»,- բարձրաձայնում էր ֆիննախի աշխատակիցը:

Այս հայտարարությունից ավելի քան 3 ամիս է անցել: 600 միլիոնի, համակարգային բնույթի խախտումների մասին մոռացան բոլորը: ՊԵԿ-ից որեւէ մեկը պատասխանատվության չենթարկվեց:

Համապատասխան մարմինները չփորձեցին պարզել, թե իրականում ինչքան վնաս էր հասցվել պետական բյուջեին, ովքեր էին յուրացրել այդ գումարը, չփորձեցին մյուս ստորաբաժանումներն էլ ստուգել… Այդ մեղադրանքի հասցեատերը այսօր ղեկավարն է այն մարդկանց, ովքեր մի քանի ամիս առաջ «համարձակություն» ունեցան «ատկատներ» թաքցնելու մեջ մեղադրել իրեն:

Հարց է առաջանում… ովքե՞ր են շարունակելու ֆիննախի կիսատ թողած գործը… Թերեւս Գագիկ Խաչատրյանը, ով լավ կլինի իր գործունեությունը, որպես «սուպերնախարար», սկսի իր նախկին կաբինետի դարակները խուզարկելով… առնվազն եւ ամենաքիչը 600 մլն գտնելու եւ բյուջե վերադարձնելու պատրաստակամությամբ:

galatv.am