«Կառավարությունը կրճատում է հաշմանդամներին աջակցող ծրագրերը: Երեկ այս մասին ասաց «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը: Նրա ներկայացմամբ` աշխատավարձի մասնակի փոխհատուցման ծրագրով նախկինում նախատեսվում էր հաշմանդամ աշխատակցի աշխատավարձի կեսը 2 տարի փոխհատուցել, կառավարության որոշմամբ` 2 տարին կրճատվել, դարձել է 6 ամիս: Այսինքն, գործատուին խրախուսելու համար, որպեսզի հաշմանդամ մարդուն ընդունի աշխատանքի, պետությունը այդ աշխատակցի աշխատավարձի կեսը վերադարձնում էր գործատուին ուղիղ 2 տարի, այժմ`ընդամենը 6 ամիս: Այս որոշման հետեւանքով, ինչպես որոշ գործատուներ վստահեցրել են հ/կ-ի ղեկավարին, ամենեւին էլ չեն շահագրգռվի հաշմանդամներին աշխատանքի ընդունել:
«Առավոտի» այն հարցին, թե որքանո՞վ է արդյունավետ աշխատում հաշմանդամներին վերապատրաստելու, մասնագիտական որակավորումով ապահովելու ծրագիրը, հնարավո՞ր է գործատուների համար այնքան էլ լավ մասնագետներ չեն պատրաստում, հ/կ-ի հանրային կապերի պատասխանատու Մարիաննա Չալիկյանն ասաց, որ միշտ չէ, որ խնդիրը հաշմանդամի հմտության հետ է կապված լինում: Իսկ պարոն Ալավերդյանն էլ մի դեպք պատմեց, թե ինչպես բարձր որակավորում ունեցող չտեսնող մարդուն գործատուն անհեթեթ պատճառաբանությամբ աշխատանքի չի ընդունել. «Շատ լավ մերսող է, բարձրագույն կրթությամբ, բոլոր կուրսերն անցած, լավ մասնագետ, նրան աշխատանքի չեն ընդունել, որովհետեւ չի տեսնում, եւ գործատուն ասել է`«Մեր հաճախորդները հիմնականում աղջիկներ են, դուք տղամարդ եք, իրենք կամաչեն»»: