Հոգեբանական մթնոլորտն ավելի ցայտուն դրսևորվում է մարդկանց համատեղելիության մեջ: Այստեղ ամենից առաջ նկատի է առնվում արժեքների, հետաքրքրությունների, հուզական կենսանախադրյալների, կյանքի ընդհանուր ոճի որոշակի ներդաշնակությունը: Եթե ընտանիքում նման ներդաշնակություն կա, ապա, բնականաբար, այնպիսի փոխըմբռնում է առաջանում նրա բոլոր անդամների միջև, որ դիմացինի և՛ արժեքները, և՛ թերություններն իմանալով հանդերձ, մարդուն ընդունում են այնպես, ինչպես նա կա` իր բնավորության, խառնվածքի, սովորությունների առանաձնահատկություններով: Օրինակ, երջանիկ ընտանիքում ամուսինները լավ են ճանաչում միմյանց, նրանց հաջողվում է մյուսի մասին իրենց սթափ գնահատականը զուգակցել նրա թերությունների գիտակցմանը և նրան ընդունել ամբողջությամբ, իսկ դա այն կարևոր պայմանն է, որը մտերիմ մարդկանց փոխհարաբերություններում ապահովում է հոգեբանական դյուրահարմարությունը: Լ. Տոլստոյը նման ընտանիքների մասին գրել է. «Բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար: Յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի »: Սա իհարկե քննարկման նյութ է: Համատեղելիությունը դրսևորվում է նրանով, երբ մերձանում են ընտանիքի անդամների կարծիքներն ու գնահատելու կարողությունները: Ո՞րն է համատեղելիության ցուցանիշն ընտանիքում: Որպես արտաքին օբյեկտիվ ցուցանիշ կարող է ծառայել հենց ընտանիքն ըստ էության և ոչ թե հարկադրաբար պահպանելու փաստը: Համատեղելիության ներքին, սուբյեկտիվ ցուցանիշ է ընտանիքի անդամների հոգեբական հարմարավետությունը, հուսալիությունը, զգացողությունը, հոգևոր ընդհանրությունը, միմյանց հետ շփվելուց ստացած բավարարվածության ապրումները: Այդպիսի ընտանիքում հոգեբանական բարենպաստ մթնոլորտ է տիրում:

Շարունակելի…

Հոգեբան Սոցիոլոգ Անուշ Պետրոսյան