«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «2013թ. «ՉԻ»-ն անդրադարձել էր այն փաստին, որ ԱԱԾ-ն լայնամասշտաբ հետաքննություն է իրականացնում՝ Հայաստանին տրված խոշոր գրանտային ծրագրերի արդյունավետության եւ տեղեկատվական ոլորտի զարգացման դրամաշնորհների բաշխման գործընթացի առթիվ, որն իրականացրել է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։ Վերջինս հետաքննության շրջանակներում նույնիսկ ԱԱԾ էր կանչվել, հարցաքննվել։ Սակայն հետագայում գործի հետաքննությունը դանդաղեց, քանի որ Դավիթ Սարգսյանը Տիգրան Սարգսյանի առավել հավատարիմ կադրերից էր։
Սակայն կառավարության մեր աղբյուրները հայտնում են, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո ԱԱԾ-ի հետաքննությունը նոր թափով է վերսկսվել եւ բացառված չէ, որ առաջիկայում սկանդալային բացահայտումներ լինեն։ Խոսքը գնում է տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող դրամաշնորհների մասին, որոնք Դավիթ Սարգսյանի գործունեության ընթացքում իբրեւ թե ծախսվել են IT ոլորտի զարգացման, պետգնումների, տենդերների, տեղեկատվական ծրագրերի իրականացման վրա։ Այդ գումարների մի մասը չի ծառայել իր նպատակին, իսկ տարբեր ծրագրերի եւ տենդերների իրականացումը Դավիթ Սարգսյանը հիմնականում իր յուրայիններին է բաշխել»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում