«Ֆուտբոլ 365»-ը տեղեկացնում է, որ մարզաշապիկով հանդերձարան իջնող ֆուտբոլիստը խաղադաշտ է վազել առանց մարզաշապիկի եւ մեջքին` կարմիր հետքեր: Ամեն ինչ վկայում է այն մասին, որ ֆուտբոլիստին ծեծել են:

Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը նշել է, որ միջադեպի վերաբերյալ ոչինչ ասել չի կարող, քանի որ ոչինչ չի տեսել:

Իսկ ահա նրանք, ովքեր տեսել են, պարզապես սարսափահար են եղել: Ըստ շրջող լուրերի, ընդմիջման ժամանակ հանդերձարանում հայտնվել է Ռուբեն Հայրապետյանը` նույն ինքը Նեմեց Ռուբոն, եւ սկսել հայհոյել Արման Հովհաննիսյանին: Նեմեց Ռուբոյի համոզմամբ, Արմանն այնքան էլ լավ չի խաղացել: Ֆուտբոլիստը գլխիկոր լսել է հայհոյանքնե՛րն էլ, մեղադրանքնե՛րն էլ, բայց երբ Ռուբեն Հայրապետյանը մայր է հայհոյել, նա արդեն չի դիմացել եւ երկու հարված հասցնելով Հայրապետյանին՝ փորձել է փախչել, բայց չի հաջողվել, քանի որ Հայրապետյանի որդին եւ որդու ընկերները հասել են ետեւից եւ դաժան ծեծի ենթարկել: Արման Հովհաննիսյանը փրկվելու համար վազել է խաղադաշտ:

Ըստ որոշ աղբյուրների, հաջորդ օրը ֆուտբոլիստների ներկայությամբ Ռուբեն Հայրապետյանը ներողություն է խնդրել Արմանից, ասելով, որ ինքը ճիշտ չի եղել, բայց նրանք, ովքեր ճանաչում են Նեմեց Ռուբոյին, մտավախություն ունեն, որ նա պատրաստվում է դաժանաբար պատժել ֆուտբոլիստին: Այնպես որ, պետք է ամեն ինչ անել նոր «Հարսնաքար» թույլ չտալու համար: Անկեղծ լինենք՝ ֆուտբոլիստին լուրջ վտանգ է սպառնում:

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ նեմեց Ռուբոն ֆուտբոլիստներին մայր է հայհոյում: Համառ լուրեր են պտտվում, որ նա հայհոյել է Քարամյան եղբայրներին եւ մի շարք այլ ֆուտբոլիստների: Ահա սա է տխուր իրականությունը:

www.ilur.am