Իր բլոգում մտավախություն հայտնելուց հետո առ այն, որ իր դուստր Նորթ Ուեսթը կմեծանա հասարակությունում, որտեղ ռասիզմը դեռ կենդանի է և առավել քան վտանգավոր, Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին: Այս մասին հայտնում է People-ը:

Չորեքշաբթի նա մասնակցել է «Շինդլերի ցուցակ» պատմական դրամայի ռեժիսորի նախաձեռնությամբ սկսված նախագծի 20-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ժամանակ տեսավկայություններ են հեռարձակվում Հոլոքոստը վերապրածներից: Վերջին տարիներին վկայություններ են ստացվում նաև այլ ողբերգություններից, ինչպիսիք են՝ Ռուանդայի ցեղասպանությունն ու Հայոց ցեղասպանությունը:

«Ես այստեղ եմ, որովհետև իսկապես ոգևորված եմ համոզելու մարդկանց ճանաչել Հայոց ցեղասպանությունը,- ասել է նա:- Հիմնադրամը ճանաչել է Հայոց ցեղասպանության 400 վերապրածների և ստացել նրանց ցուցմունքները. ես իսկապես հպարտ եմ այդ առնչությամբ: Այսպիսով՝ ես այստեղ եմ ներկայացնելու հայերին»:

Քարդաշյանն իր համար մեծ պատիվ է համարել երեկոյի ընթացքում հանդիպելու 100-ամյա մի կնոջ, ով վերապրել է Ցեղասպանությունը:

1in.am