Վանաձորի 21-ամյա բնակիչը մեղավոր է ճանաչվել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու մեջ:
Երիտասարդին նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում հոր վերաբերյալ քրեական գործով դատաքննության ժամանակ սեռական բնույթի հայհոյանք է տվել և վիրավորել տուժողին` դատարանի նկատմամբ դրսևորելով անհարգալից վերաբերմունք (ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մաս):
Մինչ դատաքննությունը սկսելը 21-ամյա ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ, միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է իր պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները:
Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել արագացված կարգով դատաքննություն անցկացնելու մասին: Դատարանը հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, եկել է այն եզրահանգման, որ 21-ամյա ամբաստանյալը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք, որի համար պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության և պատժի: Ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել նրա կատարած արարքի բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը, նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:
Դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ նա կատարածի համար զղջացել է, տվել է խոստովանական ցուցմունքներ, նախկինում դատված չէ, համատիրության նախագահի կողմից բնութագրվել է դրական:
Պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք դատարանը չի արձանագրել:
Առաջին ատյանի դատարանը 21-ամյա երիտասարդին մեղավոր է ճանաչել՝ դատապարտելով 100 հազար դրամ տուգանքի: Նշենք, որ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնելու հրապարակումից մեկ ամիս անց:
Աղբյուր՝ 168.am