iLur.am-ի հավաստի տեղեկություններով, գյումրեցի ճանաչված մարզիկ, հունա-հռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի նկատմամբ բռնություն է կիրառել ոստիկանության Շիրակի վարչության պետ Վարդան Նադարյանը:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, մայիսի 7-ի երեկոյան` Արթուր Ալեքսանյանն իր եղբայր Ռաֆայելի հետ, իր ավտոմեքենայով, պարապմունքից վերադառնալիս` ձայնային ազդանշանով (դռիկով) նրան կանգ առնելու նշան է արել հետեւից ընթացող քաղաքացիական ավտոմեքենան:

Լսելով ազդանշանը` Ալեքսանյանը կարծել է, որ մեքենան ճանապարհ է ուզում և աջ է «քաշել»: Երբ ետևից ընթացող մեքենան հավասարվել է Ալեքսանյանի կողմից վարած Մերսեդեսին, ըմբիշին ձայն է տվել մեքենայի առջեւի ուղևորատեղին նստած տղամարդը. «Բա էս լավ տղա եք, հա՞, խի՞ լավ աջ չես քաշում»: Երբ Ալեքսանյանը կանգնեցրել է մեքենան և եղբոր հետ իջել, նրանց «դիմավորել է» ոստիկանության գնդապետ Նադարյանը, որն ակնհայտ անսթափ վիճակում է եղել: «էս լավ տղա եք, հա՞, հեսա գնանք քաղմաս, ձեզնից լավ տղա եմ սարքելու»,- ասել է Նադարյանը եւ հանել իրեն ամրակցված ատրճանակը ու կոթով հարվածել Ռաֆայել Ալեքսանյանին (Ռաֆայելը նույնպես ըմբիշ է, մի շարք միջազգային առաջնությունների մեդալակիր): Ապա, Նադարյանն ատրճանակը լիցքավորել է և պահել Արթուր Ալեքսանյանի կրծքին` ասելով. «Էդքան լավ տղա ես, կգաս բաժին, կխոսենք»:

Երբ ոստիկանապետի վարորդը զգուշացրել է, որ դիմացը «մեր չեմպիոնն է», Նադարյանը մի պահ շփոթվել է, հետո հապշտապ նստել է մեքենան ու հեռացել:

Ըմբիշն իր մի քանի մերձավորների հետ ավելի ուշ գնացել է Գյումրու ոստիկանության բաժին՝ պարզաբանումներ ստանալու: Սակայն, ըստ մեր աղբյուրի, Նադարյանը խուսափել է հանդիպումից: Ավելին, ոստիկանության բաժանմունքն ընդհանրապես փակել են ներսից: Հաջորդ օրն Ալեքսանյաններին` բարեխոսության «առաքելությամբ» սկսել են այցելել զանազան մարդիկ, այդ թվում՝ «գողականներ» ու իրավապահներ՝ միջնորդելով հարցին ընթացք չտալ:

Սակայն, իր նկատմամբ նման ապօրինությունից վրդովված` Արթուր Ալեքսանյանը մտադիր չէ գործը հենց այսպես թողնել: Մեր հավաստի տեղեկություններով, քննարկվում է կա՛մ Հայաստանի դրոշի տակ հանդես չգալու տարբերակը, եթե լկտի ոստիկանը արժանի պատիժ չստանա, կա՛մ հացադուլ հայտարարելը գյումրեցի մարզիկներով, որոնք նույնպես վճռական են տրամադրված: Նշենք, որ Արթուր Ալեքսանյանի եղբայրը մարմնական վնասվածք է ստացել գլխի շրջանում:

Ոստիկանությունը դեռեւս մայիսի 7-ի միջադեպի մասին որեւէ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել, իսկ ըստ Գյումրիում շրջող խոսակցությունների` ոստիկանապետ Նադարյանն իր այս «քաջագործությունն» ուզում է բարդել որեւէ շարքային ոստիկանի ուսերին:

Ի դեպ, Վարդան Նադարյանը բազմիցս նշել է, որ ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի հետ մտերիմ ընկերական հարաբերությունների մեջ է: Նա Շիրակի ոստիկանապետի պաշտոնում այս տարվա հունվարին փոխարինել է Կարեն Բաբակեխյանին՝ Գյումրիի ազդեցիկ հանցավոր խմբավորումների պարբերական բախումների ֆոնին: Ընդ որում, արդյո՞ք Բաբակեխյանի պաշտոնանկությունն ու Նադարյանի նշանակումը կապ ունեն Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ նրա որդու գործունեության հետ, Վովա Գասպարյանը լրագրողների այս հարցին ի պատասխան` ասել է. «Չեմ կարծում, որ պարոն Ղուկասյանն ու նրա որդին այն անձինք են, որոնց համար ես ոստիկանապետ պետք է փոխեմ: Մի քիչ շատ չի՞»: Հետաքրքիր է՝ ճանաչված մարզիկի դեմ բռնությունն ու սպառնալիքը բավարա՞ր են «ոստիկանապետ փոխելու համար»:

Ի դեպ, նույն՝ Նադարյանի նշանակման առիթով Վովա Գասպարյանը «վստահեցրել է» հասարակությանը, որ չի հանդուրժի «ոչ մի քավոր-սանիկ-բարեկամ եւ մոտիկ հարաբերություններ». «Կհանեմ համազգեստի մեջից բոլոր այն ոստիկաններին, ովքեր կղեկավարվեն այս սկզբունքներով»:

Հ.Գ. Վարդան Նադարյանը մամուլում հայտնվեց դեռեւս 2012-ին, երբ զբաղեցնում էր ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի պաշտոնը: Ըստ հրապարակումների, մեքենան սխալ կայանելու համար Նադարյանը վիճաբանել, ապա՝ ծեծի էր ենթարկել Գեղարքունիքի մարզպետի տեղակալի որդի Սեւակ Ստեփանյանին: Դեպքից մի քանի օր անց տուժածի հայրը հայտարարեց, թե իր որդին վնասվել է պատահաբար՝ «վազել ու ընկել է», թեեւ սեւանցիները թերահավատությամբ են վերաբերվում այս վարկածին: Ըստ որոշ տեղեկությունների, Ստեփանյանը մինչ օրս ամբողջությամբ չի ապաքինվել ստացած վնասվածքներից:

www.ilur.am