ՇՄ ոստիկանապետ Վարդան Նադարյանի եւ գյումրեցի հայտնի ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին հրապարակումները շարունակում են նոր ընթացք ստանալ: Նրա մարզիչը yerkir.am-ին տված հարցազրույցում ասել է, թե անհանգստացած լինելով՝ զրուցել է Արթուր Ալեքսանյանի հետ ու պարզել, որ պարզապես կանգնեցրել են չեմպիոնի ավտոմեքենան ու նրանից փաստաթղթեր պահանջել: Այսինքն այն, որ որեւէ բան տեղի է ունեցել, դա փաստ է, այլ հարց է, թե ինչ պատճառով «տուժող» կողմը մանրամասներ չի ներկայացնում ու փոխարենը դեպքի մասին տեղեկություններ նրա շրջապատից են հասանելի դառնում:
Հիշեցնենք՝ ilur.am կայքէջի աղբյուրի փոխանցմամբ՝ մայիսի 7-ի երեկոյան Արթուր Ալեքսանյանն իր եղբայր Ռաֆայելի հետ իր ավտոմեքենայով պարապմունքից վերադառնալիս ձայնային ազդանշանով (դռիկով) նրան կանգ առնելու նշան է արել հետեւից ընթացող քաղաքացիական ավտոմեքենան: Երբ Ալեքսանյանը կանգնեցրել է մեքենան և եղբոր հետ իջել, նրանց «դիմավորել է» ոստիկանության գնդապետ Նադարյանը, ով ակնհայտ անսթափ վիճակում է եղել, հանել իրեն ամրակցված ատրճանակը ու կոթով հարվածել Ռաֆայել Ալեքսանյանին: Ապա Նադարյանն ատրճանակը լիցքավորել է և պահել Արթուր Ալեքսանյանի կրծքին` ասելով. «Էդքան լավ տղա ես, կգաս բաժին, կխոսենք»:
Հավելենք նաեւ, որ մի քանի օր շարունակ նույն դեպքի մասին ահազանգում էին նաեւ ԳԱԼԱ-ի Գյումրիի գրասենյակի լրահավաք հեռախոսին: Սակայն չգիտես ինչու զանգահարող անձինք հրաժարվում էին խոսակցությունը ձայնագրելու առաջարկից, իսկ երբ խնդրում էինք ներկայանալ, անջատում էին հեռախոսը:
ԳԱԼԱ-ի լրագրողը թեմայի շուրջ զրուցել է ՇՄ ոստիկանապետ Վարդան Նադարյանի հետ ու նրան մի քանի հարցեր ուղղել:
-Պարոն Նադարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք հրապարակված տեղեկատվությունը, ի՞նչ վիճաբանություն է տեղի ունեցել եւ ի՞նչ պատճառով:
-Ամեն ինչ այն աստիճան անհեթեթ է, որ չեմ էլ ուզում ծավալվեմ: Նախ ասեմ, որ ես չեմ խմում ընդհանրապես, այսինքն խմել եմ Նոր տարուն եւ զենք չեմ կրում ընդհանրապես:
-Ինչպե՞ս կարող է ամեն բան անհեթեթ լինել, չէ որ կա հստակ ինֆորմացիա, նկարագրվում է, թե ինչպես, ինչ հանգամանքներում է տեղի ունեցել միջադեպը, եւ ի վերջո Ալեքսանյանների ընտանիքն էլ չի շտապում հերքել կատարվածը:
-Թե ինչի հիման վրա կլինի, թե որ ուժերի միտումը կլինի խառնելու կամ ապակայունացնելու էստեղի իրավիճակը կամ միգուցե տեսել են, որ դրական քայլեր ու շարժեր կան, եւ էս ուղղությամբ են գնում, ես դժվարանում եմ ասել, քանզի երեւույթը եղած լիներ ու գոնե 5 տոկոսով համապատասխաներ եղած ասեկոսեներին, մեկնաբանեի, բայց չեղած բանը, ես ինձ լուրջ մարդ համարելով, միանշանակ չեմ պատրաստվում մեկնաբանել:
-Եթե իրոք նման բան չի եղել, որպես մարզի ոստիկանապետ ինչո՞ւ չեք զբաղվում գործով, հետաքրքրվում, թե ինչու են փորձում Ձեզ վարկաբեկել:
-Ումի՞ց, սկզբնաղբյուր ասեք ինձ, ո՞վ է ում հղում անուն, ասում, որ այ Պողոս, Պետրոս, Մարտիրոսը էսպիսի բան է ասում, որ էսպիսի բան է եղել: Լրատվամիջոցներից մեկը փորձել է պարզաբանում անել Արթուր Ալեքսանյանից, ում ես միայն հեռուստացույցով եմ տեսել, ով ասել է, որ աբսուրդ է, էդպիսի բան չկա, ասել է, որ ինձ չի ճանաչում, պատկերացնում եք, ես իրան հեռուստացույցից ճանաչում եմ, ինքը ինձ չի ճանաչում, ես գիտեմ, որ ինքը իմ երկրի դրոշը բարձրացնող մարզիկ է:
-Իսկ կոնկրետ քայլեր ոստիկանությունը չի՞ պատրաստվում անել, չէ որ Դուք համակարգի բարձրաստիճան պաշտոնյա եք համարվում, ու եթե իրոք կատարվածը չի համապատասխանում իրականությանը, ապա չե՞ք ուզում պարզել, թե ում ձեռքի գործն է:
-Էդ ամեն ինչը կորոշի մեր լրատվական ծառայությունը, սա կպնում են ոչ միայն իմ անունին, այլ ամբողջ համակարգին, հիմա թե մեր լրատվականը ոնց կորոշի, մեր ղեկավարությունը, էդ տիպի հարաբերությունների առումով, ես էլ էդպես կղեկավարվեմ: Գիտեք, ես ինձ ամեն դեպքում բավականին խելացի մարդ եմ համարում, եւ նման երեւույթ իմ հետ չի կարող տեղի ունենալ, քանզի չի կարող տեղի ունենալ երբեք:
-Կամ եթե, ինչպես Դուք եք պնդում, որ սա ինչ-որ ուժերի կողմից է կազմակերպվել, ապա ինչո՞ւ հենց Արթուր Ալեքսանյանի միջոցով:
-Միգուցե կերպարն էլ էնպես էր ընտրված, դրական կերպարի շուրջ փորձեցին էս ամեն ինչը կառուցել, եսիմ, չեմ հասկանում, ճիշտն ասած, որ հասկանայի, վերլուծեի, Ձեր հետ կկիսվեի: Էսօր լավ հասկանում եք էս հասարակության, երկրի զարգացման պրոցեսները եւ սխալ գործելակերպ ունեցող ոստիկանության եւ այլ համակարգերի խոցելիության աստիճանը, որ էսօր ոչ մեկը առավել եւս համբավ ունեցող մարդկանց, արժանիք ունեցող մարդկանց, չեմպիոն մարդկանց, ո՞վ կարա իրանց վրա ազդի, կարող է սովետմիության միլիցիան է, էդ էլ մի քիչ անհեթեթ մտածելակերպ է էլի: