Կարծես թե իրողություն է դառնում, որ խորհրդարանի արտահերթ այս նիստում մեծամասամբ վտանգավոր եւ հանրության համար ոչ հաճելի օրենսդրական նախագծեր են ընդունվելու: Բնակչության ռեգիստրի եւ Զինապարտության մասին օրենքներում ընդդիմության բնորոշմամ «վտանգավոր» փոփոխություններ մտցնելուց հետո իշխանությունները անցել են կառավարության ներկայացրած «Առևտրի և ծառայությունների մասին» փոփոխությունների նախագծին։ Այս օրենքի ընդունմամբ իշխանությունները նույնիսկ չեն թաքցնում, որ թանկացումներ կլինեն: Ըստ նախագծի, ՀՀ տարածքում արտադրված կամ ՀՀ տարածք ներմուծված՝ շշալցված, փաթեթավորված կամ ցանկացած այլ ձևով տարայավորված մի խումբ ապրանքների վրա օտարման ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է։ Իսկ ապրանքատեսակները հիմնականում առաջին անհրաժեշտության են` կաթնեղեն, սուրճ, թեյ, ձեթ, պահածոներ, պաղպաղակ, կոսմետիկա,տնտեսական ապրանքներ եւ այլն։Նախագծով առաջարկվող վերահսկիչ կնիքը, որը պետք է փակցնել ապրանքի վրա, արժե 3.5 դրամ, իսկ նպատակը իբր ստվերի կրճատումն է:Հարցի հիմնական զեկուցող` ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին ի պատասխան չբացառեց, որ օրինագծի ընդունման հետևանքով այդ ապրանքների գները կբարձրանան։ Ավելին քննարկվող նախագիծն այնքան խնդրահարույց էր, որ նույնիսկ լեզու էր դրել ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Ալիկ Պետրոսյանի՝ ՄԱՊ-ի Ալիկի բերանը: Սակայն որքան ակտիվ էին պատգամավորները, նույնքան անտեղյակ հիմնական զեկուցողը:
Իսկ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ի վերջո հայտարարեց, որ իր համար տարօրինակ է` այդքան հրատապ կերպով ու առանց համապատասխան քննարկումների նման լուրջ օրինագծի խորհրդարան բերելը: «Ես որպես տատիկ պետք է ասեմ, որ մեր մտահոգությունը փոքրիկներն են, մենք նրանց համար կաթ ենք գնում, իսկ այդ պիտակը (վերահսկիչ կնիք) փակցնելու դեպքում կաթնամթերքը կթանկանա», -հայտարարեց Բիշարյանը: Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ դրեց ստվերի կրճատման ուղղությամբ իշխանության սույն նախաձեռնությունը: «Շաքարավազի ներկրման շուկայում գոյություն ունեցող ստվերը կրճատելու պարագայում կարելի՞ է տատիկների ու պապիկների սոցիալական վիճակը բարելավել»,– հարցրեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ շեշտում է թոշակառուների պահը, քանի որ զեկուցողը մի քանի անգամ զեկույցում նրանց մասին հիշատակեց։Նա օգտվեց Սամվել Ալեքսանյանի դեմ մարտնչելու հերթական շանսից ու պաշտոնական վիճակագրությանը հղում անելով հայտարարեց, որ Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում սպառվել է շաքարավազի մոտ 20 հազար տոննա, իսկ ըստ պետեկամուտների կոմիտեի, այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ներկրվել 523,5 տոննա շաքարավազ: Հիշեցնենք, որ շաքարավազի մոնոպոլիան Ալեքսանյանի ձեռքում է:
Վախթանգ Միրումյանից հետաքրքրվեց. «Եթե հաշվի ենք առնում նախկին ծավալները և հանում ենք, ստացվում է, որ մեր երկրում շաքարավազի դեֆիցիտը կազմել է 15 հազար տոննա, այսինքն` հունվար, մարտ ամիսներին մեզ չի բավականացրել15 հազար տոննա շաքարավազ։ Բայց, ինչպես տեսնում ենք, Հայաստանում շաքարավազի բուն հերթեր չեն եղել և խանութներում շաքարավազը նորմալ վաճառվել է։ Հիմա ասում են, որ Հայաստանում արտադրվել է շաքարավազ և դեֆիցիտն այդպես է ծածկվել։ Բայց դարձյալ, պաշտոնական վիճակագրության համաձայն, հունվար- մարտ ամիսներին, ընդհանրապես շաքարավազ չի արտադրվել, փոխարենը ներկրվել է 30 807 տոննա շաքարի հումք։ Այսինքն` հումք ներկրվել է, բայց շաքար չի արտադրվել։ Այստեղից չենք կարո՞ղ արդյոք եզրակացնել, որ շաքարի հումքի փոխարեն ներկրվում է շաքարավազ և այսպես արվում է, որպեսզի մաքսատուրքեր, հարկեր չառաջանան»:Նրա խոսքով, սա միլիարդի հասնող դրամների շրջանառություն է, և նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ երևում է, որ այստեղ կա կոռուպցիոն ռիսկ։ «Ինչպե՞ս եք մեկնաբանում այս թվերը», -հարցրեց Փաշինյանը: Վախթանգ Միրումյանն ի պատասխան, ասաց, որ ստվերի դեմ պայքար իրենք հետևղականորեն իրականացնում են և պատգամավորների դատին ներկայացված օրինագիծը հենց դրա շրջանակներում է: «Ես այս պահին չեմ տիրապետում վիճակագրությանը։ Բայց թվերի համար հնարավորություններ են առկա, մասնավորապես հնարավոր է, որ փոխարինում է տեղական արտադրությամբ, պետք է նկատի ունենալ նաև, որ ՀՀ ներմուծվող շաքարավազն օգտագործվում է ոչ միայն վերջնական սպառման նպատակով, այսինքն՝ բնակչության սպառման նպատակով, այլ նաև զգալի մասը օգտագործվում է արտադրական սպառման նպատակով։ Այսինքն՝ այդ 20 000 տոննան, որը ներկայացրեցիք վերը, հասարակության կողմից է սպառվո՞ւմ, թե նաև արտադրական սպառում Է։ Եթե համաձայն կլինեք, վերլուծությունը կկատարենք, հետո հնարավոր կլինի քննարկել»,- առաջարկեց նա ։
Փաշինյանը, սակայն, հակադարձեց. «Պարոն Միրումյան, որպես ստվերի դեմ պայքարի մարտիկ, պետք է որ տիրապետեիք վիճակագրությանը»: Այդուհանդերձ Փաշինյանը հնարավորություն տվեց ուսումնասիրել եւ երկրորդ ընթերցմանը պատասխանել իր հարցերին:
Անի Սահակյան
Աղբյուր՝ hayeli.am