«Սխոդկային» մասնակցել են օրենքով գողեր, որոնց կոնսենսուսի արդյունքում թաղային երկու հեղինակություններ, կարելի է ասել, որակազրկվել են: Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլն անդրադարձավ «գողական աշխարհի» անցուդարձին՝ տեղեկացնելով, որ կրիմինալ աշխարհում հայտնի օրենքով գող Օշականցի Գևորիկը՝ Գևորգ Մելքոնյանը, մարտի վերջին ծեծի է ենթարկվել:
Այն ժամանակ թերթերը գրեցին, որ տեղի ունեցածն իր աննախադեպ բնույթով բավականին լուրջ խմորումներ է առաջացրել Հայաստանի կրիմինալ շրջանակներում:
Միջադեպի առանցքում նշվել էր միայն Oշականցի Գևորիկի անունը, մինչդեռ գործողների մեջ էին եղել կրիմինալ աշխարհում հեղինակություն համարվող երկու անձնավորություններ՝ Քանաքեռցի Արթուրը՝ հայտնի Տույ մականվամբ և Երրորդ մասից Լյովիկը. տեղեկացրել էր թերթերից «Չորրորդ իշխանություն»-ը:
Օշականցի Գևորիկի, Տույից և Լյովիկի միջև կայացած խոսակցությունն այնքան էր թեժացել, որ վերածվել էր ծեծի. Տույի ու Լյովիկի կողմնակիցները՝ նրանց գլխավորությամբ, ծեծել էին Օշականցու ողջ «անձնակազմին»՝ չխնայելով նաև վերջինիս: Շուրջ երկու ամիս է` գողական աշխարհում կրքերը չեն հանդարտվում, լարված իրավիճակը, սակայն, մոտ օրերս հանգուցալուծվել է: NewsBook-ի տեղեկություններով` բավականին մարդաշատ «սխոդկա» է տեղի ունեցել՝ օրենքով գողերի մասնակցությամբ, որի ժամանակ արդարացվել է Օշականցի Գևորիկի պահվածքը, իսկ Քանաքեռցի Արթուրը՝ Տույն, ու Երրորդ մասից Լյովիկը որակազրվել են որպես թաղային հեղինակություններ: Ի դեպ, հավաքին այս երկու անձինք չեն մասնակցել, չնայած տեղեկացված և «հրավիրված» են եղել՝ իրենց գործողությունների` այսպես կոչված «ատչոտը» տալու համար:
Նրանք այդ օրը Դուբայում են եղել. շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ վերջիններս, իմանալով իրենց գլխի գալիքը, պարզապես լքել են Հայաստանը՝ ժամանակավոր կացարան գտնելով Դուբայում:
Հավելենք նաև, որ Երրորդ մասից Լյովիկը բավականին լուրջ բիզնեսներում է ներկայացված, բացի այդ էլ հողատարածքների ու օբյեկտների սեփականատեր է: Հանքարդյունաբերության մեջ էլ վերջինս ընդգրկվածություն ունի: Տեղի ունեցածից հետո կվտանգվի արդյո՞ք վերջինիս բիզնես գործունեությունը, թե ոչ, կերևա առաջիկայում: Միայն հավելենք, որ տեղի ունեցածով, ըստ էության, ամրացան Օշակացի Գևորիկի դիրքերը, իսկ Երեւան քաղաքի երկու լուրջ հեղինակությունները հայտնվեցին լուսանցքում:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am