Մայիսի 15-ին Աբրահամյանը կառավարությունից շտապել է ՀՀԿ գրասենյակ՝ մասնակցելու Գործադիր մարմնի նիստին, եւ ճանապարհին պատասխանել լրագրողների մի քանի հարցի:

Անդրադառնալով իր հայտարարությանը, թե սկսելու է իրենից՝ Հովիկ Աբրահամյանը ասել է. «Ես որ ասել եմ՝ սկսելու եմ ինձնից, նկատի ունեմ իմ յուրայիններին: Իմ բիզնեսների մասին ես հայտարարագրել եմ, դուք կարող եք դրանց ծանոթանալ: Իսկ թե ինչ եմ արել, ասեմ, դրանք նվիրել եմ»,- ասաց վարչապետը՝ միաժամանակ հրաժարվելով պատասխանել, թե ում է նվիրել:

Նա անդրադարձել է նաեւ երեկ՝ մայիսի 14-ին գործարարների հետ հանդիպմանը, նշել, որ հայաստանում կա սոցիալական խնդիր, որը լուծելու համար հանդիպել է գործարարներին եւ ասել, թե բոլորը պետք է լինեն հարկային դաշտում:

Հարցից, արդյոք դա նաեւ վերաբերում է պատգամավոր Սամվել Ալեքսանյանին եւ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, Հովիկ Աբրահամյանը զարմացավ, ասաց, թե Խաչատրյանը բիզնես չունի, եւ կոչ արեց լրագրողներին՝ «պրովակացիա մի արեք»։

Լրագրողներին մեկի դիտարկմանը «բոլորը պետք է հավասար լինեն հարկային դաշտում» ձեւակերպմանը, արդյոք իր մերձավորներն այսքան տարի եղել են ստվերում, վարչապետը կրկին պատասխանեց իր կոչով. «պրովոկացիա մի արեք»: «Ոչ մեկ ստվերում չի գործել:

Մենք նորմալ գործ ենք ուզում անել, նորմալ հարցեր տվեք»,- պահանջեց նա:

Հարցին, արդյոք իր խոսքը վերաբերում է նաեւ Սերժ Սարգսյանի խոշոր գործարար եղբորը, վարչապետը պատասխանեց. «Նման բան չկա: Ո՞ր եղբայրը: Ես նման բան չգիտեմ, բայց ի՞նչ վատ բան կա գործարարությամբ զբաղվելու մեջ: Ալեքսանդր Սարգսյանը բիզնես չունի: Կարծում եմ, եթե նա բիզնես ունենար, բոլորը կիմանային, բոլորը կասեին: Անկախ նրանից, թե ով է բիզնեսով զբաղվում, մենք կողմ ենք, որ հավասար պայմաններ լինեն: Մեր ասածն այն է, որ հավասար դաշտ լինի, դրա համար էլ հանդիպել ենք առանց մամուլի, որ ամեն ինչ անենք հավասար դաշտ ստեղծելու համար: Որ օտարերկրյա ներդրողներ գան Հայաստան»,- ասաց վարչապետը:

Աբրահամյանը նաեւ հերքեց տարածված տեղեկությունը, թե գործարարներին մինչեւ հուլիսի 1-ը ժամանակ է տվել հարկային դաշտ մտնելու մասին: «Նման բան չկա, ես ոչ մի ուլտիմատում չեմ տվել»,- նշեց նա:


Աղբյուր՝ news.am