Լիսկայի ռեժիմը Սյունիքում կրկին վերակենդանացնելու փորձերն անում են Գորիսի ընտրություններին քաղաքապետի թեկնածու առաջադրված համակուսակից Վաչագան Ադունցի միջոցով: Գորիսում նրա բացած վերքերը դեռ չեն սպիացել , բայց «ամենաբարձրյալի» թողությունը ստանալով Սուրեն Խաչատրյանը նորից հայտնվել է իր ափսեի մեջ այնքան հարմարավետ, որ այլեւս հարազատ կուսակիցների դեմ է մարտնչում: Նա իր հեղինակավոր խոսքով «աչքալուսանք» է տվել թե հենց իր թեկնածուն է ՝ ՀՀԿ-ի թեկնածուն, ապա պատասխանելով հարցին, թե ինչպես կգնահատի Սյունիքի ներկա մարզպետի դիրքորոշումը, ով պաշտպանում է իր ընկերոջը՝ Տիգրան Կարապետյանին:
«Է՝ թող պաշտպանի, ի՞նձ ինչ»,-ասել է նա և ի պատասխան հարցի, թե տարօրինակ չէ՞, որ Վահե Հակոբյանը պաշտպանում է այդ թեկնածուին, ասաց.«Շատ տարօրինակ է, երբ Հանրապետականի խորհրդի անդամը Հանրապետականի թեկնածուին չի պաշտպանում»:
Նախ՝ հարկ է նկատել, որ գործող մարզպետ Վահե Հակոբյանի անունից երբեւեէ եւ որեւէ հայտարարություն ոչ Գորիսի ընտրությունների եւ ոչ էլ առավել եւս որեւէ թեկնածուի պաշտպանելու վերաբերյալ չի եղել: Եւ նախկինի հայտարարությունը մեղմ ասած՝ իսկական ՀՀԿ-ականի, թիմակցի պատասխան չէ,եթե այլ նպատակներ չի հետապնդում: Ինչ խոսք՝ Լիսկան դժվար թե պատկերացնի իսկական ընկերությունը, եւ հասկանա, որ դա չի կորչում անգամ կենաց մահու կռվիվներում: Իսկ ընդհանրապես պետք է ողջունել, որ Սյունիքի ահ ու սարսափը դեռ զարմանալու ունակություն ունի եւ կարողանում է զատել տարօրինակն ու օրինաչափությունը: Չէ՞ որ նրան ծնած, սնած եւ հարատեւ փայփայող համակարգի եւ այդ համակարգը կերտողների համար վաղուց արդեն տարօրինակն ու սովորականը խառնվել ու կորցրել են իրականի սահմանագիծը: Սրանց համար տարօրինակ չէ, երբ Սուրեն Խաչատրյանը կարող է հղի կնոջ վրա կրակել, դեռ չծնած սպանել սեփական երեխային, տասնյակ մարդկանց ճակատագրեր խեղել եւ իր օջախում սպանել հայ մարդու ու կիսամարդ դարձնել հայոց բանակի սպային, տարօրինակ չէ նույնիսկ եւ պետքի դեպքում կարելի է կորսված տեսնել տղամարդավայել արժանիքները եւ օրը ցերեկով գործարար կին ծեծել:
Լիսկայի «քաջագործությունները» հատորյակ կլցնեն, բայց ամեն մեկից հետո որեւէ մեկի համար տարօրինակ չի եղել, երբ «հերոսական» այդ դրվագները որպես կանոն անպատիժ են հանգուցալուծվել: Հիմա էլ տարօրինակ չէ, երբ լիսկայակերպերն ու լիսկայատիպերը իրենց արյունոտ կենսագրությամբ շարունակում են մնալ արտոնյալի կարգավիճակում, ի վերջո նրանք համակարգի ծնունդն են եւ դրա շարունակականության ապահովողը եւ լավ է, որ Լիսկայի համար միայն տարօրինակ է թվացել գործող մարզպետի «վարքը» եւ Սուրիկ Խաչատրյանն այլ զգողություն չի դրսեւորել…

hayeli.am