Քիչ առաջ Անուշ Արշակյանը «Ազատություն» ռ/կ-ի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, մեկնաբանելով Aravot.am-ին տված աղմկահարույց հարցացրույցը, ներողություն խնդրեց իր արտահայտած մտքի համար.

«Ամենայն հարգանքս դեպի լրագրողը, բայց հարցադրումն արդեն սխալ էր, էթիկայի կանոններից դուրս։ Լրագրողը հարցրեց՝ ինչպե՞ս են կոնչիտաներն ազդում հայկական ընտանիքների վրա, նրանք վտանգ ներկայացնո՞ւմ են, թե՞ ոչ։ Հենց ամենասկզբից ենթատեսքով էր տրված հարցը։ Իմ ամբողջ նեգատիվ գնահատականը միայն ու միայն վերաբերում էր Կոնչիտա Վյուրստի կերպարին։ Ես գնահատում եմ ոչ միայն երգը, այլեւ բեմական կերպարը, արտաքին տեսքը, եւ միայն ես չեմ դա գնահատում, բոլոր պետք է գնահատեն դա, եւ եթե ինչ-որ մարդիկ վիրավորվել են այն բանից, թե ինչ է հնչել՝ համարելով, որ նրանց եմ վիրավորել, ես ներողություն եմ խնդրում, միտք չունեի վիրարվորել ո’չ տրանսվեստիտներին, ո’չ սեռական փոքրամասնություններին, ո’չ էլ առավել եւս հոգեկան հիվանդ մարդկանց։ Մտքի սխալ ձեւակերպում է եղել, թյուրիմացություն է եղել, որովհետեւ մենք գերլարված էինք, ես իսկապես շատ ցավում եմ նման թյուրիմացության համար»:

Հիշեցնենք, որ Aravot.am-ի հետ զրույցում Անուշ Արշակյանը Կոնչիտա Վյուրստի մասին ասել էր. «Եթե համարենք, որ այդ մարդիկ հիվանդ են, նրանց կարելի է բուժել եւ այդ առումով իմ հակակրանքը հասկանալի է: Ինչպես հոգեկան հիվանդն է հակակրանք առաջացնում, այնպես էլ նման երեւույթները: Իմ հակակրանքը ճիշտ այդպիսին է: Ես ոչ թե ագրեսիվ եմ, այլ՝ մերժողական այդպիսի դրսեւորումների հանդեպ»: