Իրապատում շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթն այս ամսվա 24-ին պատրաստվում են ամուսնանալ իտալական Ֆլորենցիա քաղաքում, ինչը սակայն այնքան էլ դուր չի եղել քաղաքապետի պաշտոնին հավակնող մի շարք թեկնածուներին և բնակիչների մի մասին։

Ինչպես նշում է The Telegraph-ը, հարսանիքը տեղի կունենա 16-րդ դարին թվագրվող ամրոցում, որը կառուցվել է Մեդիչի ընտանիքի կողմից և այժմ օգտագործվում ցուցահանդեսների կազմակերպման համար։

Ֆլորենցիայի քաղաքապետարանի խոսնակը տեղեկացրել է, որ զույգը դղյակը կվարձակալի 300.000 եվրոյով, ինչից հետո գումարը կուղղվի քաղաքի հետ կապված որոշ նախագծերի ֆինանսավորմանը։ Բացի այդ, մի քանի տասնյակ հազար եվրո կվճարվեն մի քանի այլ շինությունների վարձակալության համար։

Մինչդեռ քաղաքապետի թեկնածուների կարծիքով, Ֆլորենցիայի իշխանությունները չպետք է Քարդաշյանի և Ուեսթի հարսանիքի համար վարձով տային քաղաքի պատմամշակութային գանձերը, քանի որ դա հարգանքի բացակայության նշան է։


Աղբյուր՝ www.tert.am