Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց դերասան Վարդան Արզումանյանը, որը Կարենի  հետ մեկնել է Գերմանիա:

«Մոտ 15 րոպե առաջ սկսվեց վիրահատությունը, ողնաշարն են վիրահատելու: Եթե բարդություններ չլինի, 3 ժամից արդեն ավարտված կլինի վիրահատությունը»,-ասաց  Վարդան Արզումանյանը:

Նրա խոսքով` Կարենի տրամադրությունը բարձր է, բժիշկներն էլ ասել են, որ վիրահատությունը բարեհաջող է անցնելու:

«Վիրահատությունից հետո Կարենը քայլելու է: Հուսով ենք, որ ամեն ինչ շատ լավ է լինելու»,-ասաց դերասանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Եզրագծից այն կողմ» եւ մի շարք այլ ֆիլմերում նկարահանված, «32 ատամ» ակումբի, թիվ 32 թատրոնի դերասաններից Կարեն Մկրտչյանը մարմնական վնասվածքներ է ստացել: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել էին, որ դեկտեմբերի 26-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «ուղեղի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ: Պարզվել է, որ նա Երեւանի Գայի պողոտայի 2-րդ շենքի բնակիչ, 38-ամյա Կարեն Մկրտչյանն է, ով վնասվածքը ստացել է իրենց շենքի բակում՝ անհայտ անձի կողմից ստացած հարվածների հետեւանքով: Դեպքից հետո՝ ամիսներ շարունակ, նա գտնվում  է անվասայլակին, սակայն այժմ  նաեւ կակազում է եւ օրեցօր կորցնում խոսելու կարողությունը:

NEWS.am