Ոստիկանության Մալաթիայի բաժնի մոտ օրերս Կիլիկիա թաղամասի բնակչուհի Աննա Արմենակյանը՝ գործարար Բաղդասար Խալաթյանի կինը ծեծի է ենթարկել իր հարսի ծնողներին, որից հետո ծեծի ենթարկվածները հաղորդում են ներկայացրել ոստիկանություն: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից՝ նշելով, որ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով:
Մեր տեղեկություններով՝ վեճի եւ ծեծկռտուքի պատճառը նրանց թոռնիկն է եղել՝ 5-ամյա Աննան: Արդեն մեկ ամիս գործարարի որդին՝ Հովհաննես Խալաթյանը, տնից վռնդել է կնոջը՝ Արմինեին, սակայն ցանկանում է իր մոտ պահել երեխային՝ զրկելով կնոջը մայրական իրավունքից: Օրեր առաջ Արմինեն վերցրել է երեխային եւ հեռացել քաղաքից: Թե որտեղ է նա գտնվում, ոչ մեկը չգիտի:
Հենց այդ պատճառով էլ դեպքի օրը գործարարն ու իր կինը եկել են խնամիների տուն, վիճել, ինչի պատճառով էլ բերման էին ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին: Բացատրական աշխատանքներից հետո չորսն էլ ազատ էին արձակվել, սակայն դուրս գալով շենքից՝ Աննա Արմենակյանը նորից սկսել էր վիճել հարսի ծնողների հետ, որի ընթացքում ծեծի էր ենթարկել նրանց:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է:
Հարկ է նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ Բաղդասար Խալաթյանն ու իր ընտանիքը հայտնվում են ոստիկանության ուշադրության կենտրոնում: Դեռ 2007թ.-ին մեքենաների առք ու վաճառքով զբաղվող գործարարը հողատարածքի համար վիճել էր քանդակագործ Վաչագան Մանսուրյանի կնոջ հետ եւ ծեծի ենթարկել նրան: Դեպքից անմիջապես հետո Խալաթյանը թղթեր էր ձեւակերպել՝ իբր թե տարածքն օգտագործելու է խաղահրապարակ կառուցելու համար: Այսօր այդ վայրում գործարարի առանձնատունն է: