Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը՝ ընդգծելով, որ երեկ ՌԴ միգրացիոն ծառայության հետ համատեղ կազմակերպված քննարկումը նոր փուլ է մտցրել Ռուսաստանում հայ միգրանտների հնարավորությունների շրջանակն ընդլայնելու բանակցային գործում:
«Մենք այս համատեքստում բավականին առաջ ենք գնացել և ռուսական մեր գործընկերները ևս իրենց հետ բերել են միջկառավարական համաձայնագրերի նախագծեր, որը մեկ գիշերվա ընթացքում մեր մասնագետների կողմից քննության առնվեցին, ուսումնասիրվեցին և մեր դիտողություններով, փոքրիկ առաջարկներով այսօր առավոտյան ներկայացրին ռուսական կողմին: Մինչև սա վերջնական համաձայնագիր դառնա, իհարկե ժամանակահատված է պետք, ընթացակարգ կա՝ պետք է մեր պետական մակարդակով համաձայնությունը, որից հետո էլ արդեն կստորագրվի, ապա ուժի մեջ կմտնի: Սա լուրջ, առաջին մեծ քայլն է, բայց սա դեռ ավարտը չէ»:
ԳԱԼԱ-ի լրագրողի հարցադրմանը, թե որո՞նք են նոր հնարավորությունները, Գ. Եգանյանն արձագանքեց. «Դա առաջին հերթին բխում է երկու երկրների ժողովուրդների շահերից: Հարցն այն է, որ մեր քաղաքացիները, ովքեր որ աշխատում են Ռուսաստանի Դաշնությունում, ավելի դյուրին պայմաններով կարողանան իրենց գործունեությունը ծավալել՝ մասնավորապես առանց աշխատանքի թույլտվության համար ընթացակարգ անցնելու, ինչը շատերի համար դժվար է, լինում են քաշքշուկներ և այլն: Մեր ամբողջ նպատակն է օր առաջ՝ մինչև Մաքսային միությանն անդամակցելը, երկկողմանի հարաբերություններում Հայաստան-Ռուսաստան հարթության մեջ նոր խաղի կանոններ ներդնել»:
Գագիկ Եգանյանն, ամփոփելով խոսքը, նշեց, որ դեռ կառավարական համաձայնագիր պետք է կնքվի, որն արդեն ռուսական կողմը բերել է: Նրանք մտածում էին, թե մի քանի օրում կամ մի քանի շաբաթում Հայաստանը պետք է այդ ծրագիրն ուսումնասիրի, սակայն մեր մասնագետները դա արել են մեկ գիշերվա մեջ:
Համաձայնագիրն արդեն վերադարձվել է ռուսական կողմին՝ ուղղումներով ու դիտողություններով, առաջարկություններով: Մնացյալ աշխատանքն արդեն իրենց է մնում, և իրենք շատ արագ պետք է ընթացակարգի մեջ դնեն՝ իրենց ներքին օրենսդրությանը համապատասխան:
Քաղաքագետ Հայկ Բալանյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, արմատներին ու միտումներին՝ նշեց. «Պետք է սկզբից գալ: Միգրանտների խնդիրը Ռուսաստանի կողմից օգտագործվում է Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար, որովհետև իրենք շատ լավ հասկանում են, որ միգրանտների շնորհիվ Հայաստան են գալիս գումարներ, և Հայաստանի տնտեսության համար այդ գումարները շատ մեծ նշանակություն ունեն: Այսինքն Հայաստանի կառավարությունը, Հայաստանի տնտեսությունը ուղղակի կախված է այդ գումարներից: Շատ լավ կլիներ, որ Հայաստանի տնտեսությունը կարողանար ստեղծել այնքան աշխատատեղեր, որ մարդիկ սեփական երկրում աշխատեին, սակայն այդ հնարավորությունն առայժմ չկա և չկա իհարկե այս կառավարության, այս իշխանության շնորհիվ և պատճառով»:
Քաղաքագետը նշեց նաև, որ արդեն իսկ խնդիր ստեղծվել է և ստեղծվել է ոչ թե մի-երկու օր առաջ, այլ տարիների անփառունակ և ապաշնորհ կառավարման հետևանքով:
«Առայժմ այդ բանակցություններին գնահատական տալ պետք չէ, որովհետև շատ հեշտ է ասել, թե պետք է կանգնեցնել կամ չզբաղվել դրանով, բայց մենք հասկանում ենք, որ մենք գործ ունենք 100 հազարավոր մարդկանց ապրուստի հետ: Հայաստանի իշխանությունները պետք է ընդունեն իրենց մեղքը, որ երկրի տնտեսությունը վատ կառավարելը հիմա դարձել է Ռուսաստանի ձեռքում լծակ արտաքին-քաղաքական և նաև Հայաստանի ներքին-քաղաքական զիջումներ կորզելու համար»: