Հրանտ Թոխատյանը մասնավորապես նշեց. «Նոր վարչապետին գիտեմ որպես նախկինում ԱԺ նախագահ, պիտի աշխատեն, կերևա: Չի կարելի նախնական որևէ բան ասել որևէ մեկի մասին, օրինակ ինստիտուտ ավարտած դերասանը գալիս է թատրոն, ոնց կարելի է ասել ինչ դերասան է ինքը, կարող է փայլի բեմի վրա, բայց կարող է էդպես գորշ էլ մնա: Նույնն էլ կառավարության մեր անդամներն են, հա, ամեն մեկին առանձին իր ոլորտում եղել են, գիտենք, բայց միասին էս կազմով չեն աշխատել, թող աշխատեն, տեսնենք, ուզում են ինչ-որ ծրագիր ներկայացնել, ասեցին բարձրաձայն, որ ուզում ենք էս անել, էն անել, էկեք սպասենք»,- ասաց Հրանտ Թոխատյանը:

Դերասանը նշեց նաև, թե ինքը ցավով է վերաբերում այն փաստին, որ այս կամ այն կառույցների աշխատանքը թերագնահատելիս շատ հաճախ տվյալ կառույցները համեմատվում են թատրոնի հետ, մասնավորապես այն, որ Հայաստանի խորհրդարանն են թատրոն համարում: «Միշտ եղել է ինձ համար տարօրինակ համեմատություն, երբ որ որևիցե բան համեմատում են թատրոնի հետ: Թատրոնը բավականին լուրջ հիմնարկություն է, ու էսինչը թատրոն են դարձրել, էդ արտահայտությունները ես ցավագին եմ ընդունում, որովհետև ես որևէ մեկին չեմ ասում՝ դու քեզ պահում ես բժշկի պես, կամ ինչի ես ինժեների պես նայում: Նույնն է, որ ասեն ԱԺ-ն նման է անտառտնտեսությանը կամ շինարարությանը: Էդպիսի համեմատություն որ անեին, ոչ մեկին չէր հետաքրքրի: Չգիտես ինչի, ինչ-որ մի բանը միշտ համեմատում են թատրոնի հետ, կամ որևէ մեկին անգամ ինչ-որ կերպ նեղացնելու համար ասում են դերասան, որովհետև ես ինքս դերասան եմ»,- նշեց նա:

Անդրադառնալով ԱԺ-ում ՀՀԿ-ական որոշ պատգամավորների պահվածքին ու այն տեղեկություններին, որ վերջիններս եղել են ոչ սթափ վիճակում, դերասանը նշեց. «Քսաներկու տարի ունենք պետություն, ու ոչինչ չի փոխվել: Էնպես չի էլի, որ էսօր եղավ ու սաղ արեցին վայ, իսկ ե՞րբ էդպես չի եղել: Հույս կա, որ կփոխվի, եթե հույս չլիներ, երևի թե ես էսօր չէի ապրի էս երկրում, երեխա չէի պահի, բեմ չէի բարձրանա:

Իսկ հարցին, թե ինչպես կգնահատի երգչուհի, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանի վարքագիծը, մասնավորապես վերջին դեպքի հետ կապված, երբ վիրավորել էր «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներից մեկին, պատասխանեց. «Շուշան Պետրոսյանը իմ լավ ընկերուհին է, ես իրեն շատ հարգում եմ, նաև իր արվեստը, ինքը էմոցիոնալ նատուրա է, որովհետև լինելով արվեստագետ՝ երգչուհի, նկարչուհի, կոմպոզիտոր, հնարավոր է հասցրել են դրան, ամեն դեպքում չի կարելի վիրավորել մարդուն: Ես չգիտեմ ինչպիսի պատգամավոր կարող է լինել Շուշան Պետրոսյանը, բայց էն աշխատանքը, որ ինքը անում է Մարտակերտում ես ամեն անգամ ոտքի վրա ծափահարում եմ»,- եզրափակեց նա:

galatv.am